Տնտեսական

Չնայած դեկտեմբերի կտրուկ գնաճին՝ ԱՎԾ-ն այն տեսանելի չի համարում

lianaeghiazaryan

Հանրապետությունում գներն ինչպիսի վայրիվերումներ են ունեցել նախորդ տարվա ընթացքում: 2014-ի տարեվերջին սպասելի ու անսպասելի գնաճային միտումներն ինպիսի թվային արտացոլում են գտել պաշտոնական վիճակագրության մեջ, եւ ԵՄ ու ԱՊՀ երկրների շարքերում ինչ դիրքերում է Հայաստանը գների փոփոխությունների առումով:

 

 

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. ավարտը տարեսկզբի համեմատ աչքի ընկավ գնաճի բարձր մակարդակով: Թեւ առան միանգամից բոլոր ապրանքատեսակների գները: Դեկտեմբերին ամեն ամիս դիտարկվող 470 ապրանք-ծառայություններից  անփոփոխ է մնացել ընդամենը 18 ապրանք-ծառայության գինը: Այս տեղեկությունները փոխանցում է ազգային վիճակագրական ծառայությունը:

Ծառայության գների  վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը երկար ու մանրամասն ներկայացնում է գների վայրիվերումների մասին խոսող ամենատարբեր թվեր:Մասնավորապես,  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գնաճը կազմել է 5.6%: Կաթնամթերք՝ 5.8%, սուրճ, թեյ, կակաո՝ 6.1%, միրգ՝ 8.3%, շաքարավազի՝ 9.6%, բանջարեղեն և կարտոֆիլի ապրանքախումբ՝ 18.2%:

Միրգը թանկացել է մինչեւ 8 տոկոսով: Անցյալ տարեվերջին միանգամից թեւ առան նաեւ շաքարավազի գները: Հիշեցնեմ, որ դեկտեմբերին որոշ օրերի շաքարավազի համար անգամ 800-900 դրամ գինն էր շրջանառվում, իսկ որոշ խոշոր վաճառակետերում դրա վաճառքի քանակը սահանափակվում էր: Ազգային վիճակագիրները միայն դեկտեմբերին նոյեմբերի համեմատ շաքարի գներում 10%-ի բարձրացում են նկատել: Սա միջինում, իսկ մարզերում արդեն վերավաճառվող շաքարավազի գինը մինչեւ 15 տոկոսի աճ է գրանցել: Գուրգեն Մարտիրոսյանը նշում է գների բարձրացման հանգեցրած պատճառներից մեկն էլ:

Կաթնամթերքի ապրանքախմբում դեկտեմբերին արձանագրվել է 5.8% գնաճ:  Միայն թթվասերը թանկացել է 14.5, կաթնաշոռը՝ 15.5%-ով: Ընդ որում՝ սպառողների շահերի պաշտպաններն ամեն օր ահազանգում էին նաեւ թաքնված գնաճի մասին. երբ ոչ միայն գինն են բարձրացնում, այլեւ քաշը նվազեցնում: Նույնն էր նաեւ հացի դեպքում: Բարձր և առաջին տեսակի ալյուրի 4 և 4.9% թանկացման հետեւանքով մոտ 5 տոկոսի թանկացում էլ հացի շուկայում եղավ: Չարդարացան ոչ գյուղնախարարության, ոչ էլ թռչնաբույծների միավորման խոստումները: Ձուն էլ թանկացավ, այն էլ՝ մինչեւ 12 տոկոսով: 2014-ին ամենաբարձր  գնաճն արձանագրվել է Իջևանում, ամենացածրը՝ Կապանում: Ամենաբարձր գնաճը սննդամթերքի գծով է:

Սակայն, այս ամենով հանդերձ, Ազգային վիճակագրական ծառայությունը նախքորդ տարվա 12-ամսյա գնաճը տեղավորում է սահմանված միջակայքում` այն գնահատելով 4.6  տոկոս: Վիճծառայության գների  վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը սա բացատրում է այսպես՝ մինչև օգոստոս ամիսը Հայաստանում  նկատվել է 5.2 տոկոս գնանկում, իսկ օգոստոսից հետո միջին գնաճը կազմել է 6.5 տոկոս: Մինուսներով ու պլյուսներով էլ ստացվում է նշված 4.6  տոկոսը:  Չնայած բնակչության շրջանում գնաճի հարուցած խիստ մտահոգությանը՝ ԱՎԾ-ն դեկտեմբերի  ամսական միջինացված տվյալներում կտրուկ գնաճի  ցուցանիշը, որպես այդպիսին, տեսանելի չի համարում:

Ի դեպ՝ հրապարակվել է նաեւ աշխարհի տասնյակ այլ երկրների գնաճի ցուցանիշը: Դիտարկված երկրները բաժանվել են երկու մասի՝ Եվրամիության անդամ եւ ոչ անդամ: Հնարավոր չէ չնկատել, որ ԵՄ անդամ 27 երկրների արձանագրած գնաճը գրեթե բոլորի մոտ զրո ամբողջով է սկսվում, բացառությամբ եվրոպական 3-4 երկրի, որտեղ գները միջինում բարձրացել են 1-1.5 տոկոսով: Լիովին այլ իրավիճակ է ԵՏՄ անդամ եւ տարածաշրջանի այլ երկրներում: Ռուսաստան՝ 8.5 տոկոս գնաճ, Բելառուս՝ 15.5 տոկոս, Ուկրաինա՝ 21 տոկոս, Ղազախստան՝ 6.9, Ղրղզստան՝ 8.9, Թուրքիա՝ 8.6 տոկոս գնաճ: Եվրոպական ուղղությունը եվրասիականով փոխարինած մեր երկրի համար տնտեսագետների մի ստվար զանգված հենց ներկայացված վիճակի շարունակում ու ցավոք, խորացում է կանխատեսում: Տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը թանկ ու էժանի մեջ նաեւ Հայաստանին տրվող վարկերի մասին է խոսում:

Վերջում նաեւ՝ դրական մի նկատառում: Հանրապետությունում անցյալ տարի գնանկում էլ է եղել: 0.3%-ով իջել է ձկնամթերքի գինը, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, փոքր-ինչ էժանացել են նաեւ սխտորը, բողկը, ծաղկակաղամբն ու կարտոֆիլը:

Back to top button