ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւս մեկ անգամ Գյումրու սպանված ընտանիքի հարազատներին, ինչպես նաեւ ողջ հայ ազգին ցավակցություն հայտնելու համար: ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ գործի քննության անհրաժեշտ բոլոր գործառույթները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ», — ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ «Պուտինը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստան եկած բժիշկների խումբը հայ գործընկերների հետ միասին բարձրակարգ բուժօգնություն կտրամադրի Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած միակ անդամին՝ Սերյոժա Ավետիսյանին», -ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«ՌԴ նախագահը վստահեցրել է իր հայ գործընկերոջը, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել Հայաստան՝ փոքրիկին Մոսկվա տեղափոխելու եւ հետագա բուժումը այնտեղ շարունակելու համար»,- հավելել է նա:
Բացի այդ, Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների ընթացիկ հարցեր, ասել է Պեսկովը: