Քաղաքական

Սահմանային վիճակը եւ Գյումրիում սպանության մանրամասները՝ ՊՆ խորհրդակցության լուսանցքում

lianaeghiazaryan
Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր հրավիրվել է մեծամասշտաբ խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2014 թվականին կատարված աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության, մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարները, հանրապետության ոստիկանապետը, պետական պաշտոնյաներ, զինված ուժերի ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր: Խորհրդակցության ավարտին լրագրողները ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվել են հունվարի 12-ին Գյումրիում աղմկահարույց սպանությանն առնչվող մանրամասներով, իսկ պաշտպանության նախարարից՝ սահմանին այսօրվա կարված իրավիճակով:

 

Հայաստանում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման մասին այսօր պաշտպանության նախարարությունում երկար խոսվեց, տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից շեշտվեց: Ընդգծվեց՝ ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացումը ռազմական ներուժի զարգացման առաջին եւ ուղղակի քայլն է: Ավելի պատրաստված զինվորներ ունենալու առաջին քայլը դեռ ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակության միջոցառումների կազմակերպումն է, այդ թվում՝ քայքայիչ պաշտամունքների դեմ անելիքները, պատանի երկրապահ ակումբների ձեւավորումը: Դրանց նոր թափ հաղորդելու համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: Այս որոշումը կայացվեց այսօր  պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ: «Իհարկե, տղամարդկային կոլեկտիվներում կոնֆիլկտներն անպակաս են»,- նկատում է պաշտպանության նախարարը:

Հայրենասիրության դաստիարակման նպատակով դպրոցական կրթական ծրագրերն էլ փոփոխության կենթարկվեն: Հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության կողքին առաջիկայում կհայտնվի ազգային երգն ու պարը. տեղեկացնում է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Առայժմ սա փորձնականորեն է ներդրված 12 դպրոցների 5-7-րդ դասարաններում:

Ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման գործում կարեւոր ներդրման համար այսօր պարգեւատրումներ էլ եղան՝ տասնյակ ներկայացուցիչներ պաշտպանության, մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից:

Հայոց բանակին առնչվող թեմայի համատեքստում՝ սահմանին տիրող իրավիճակի մասին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն լրագրողների հետ զրույցում, գնահատելով վերջին օրերին տիրող իրավիճակը, շեշտեց՝ մեր հարեւաններն իրենց որդեգրած գործողությունների ձեւերից ետ մնալ չեն ուզում, շարունակ ցանկանում են լարվածություն պահպանել սահմանին՝ չհասկանալով, որ մենք հարցի լուծումը տեսնում ենք խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, վստահության միջոցով, իհարկե, նաեւ ռազմական համապատասխան փորձագիտության շրջանակներում: Նրանք չեն հասկանում: Վերջին օրերին ներթափանցման փորձեր չկան, բայց կրակոցների թիվն է չափազանց մեծ: Քանի դեռ Հայաստանի, միջազգային կառույցների ու հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդների հորդորները նրանց մոտ տեղ չեն հասնում, Հայաստանի զինված ուժերը ստիպված են խիստ պատասխան տալ նրանց, ավելի խիստ պատասխան կլինի 2015-ին»,-շեշտեց պաշտպանության նախարարը:

«Հասկանալի է, որ եթե գործում են մեր հրամանատարները, ապա ընթացքում հնարավոր են որոշակի բացթողումներ, որոնք էլ տարիների ընթացքում պետք է լրացնել եւ հղկել: Այս որոշումը հնարավորություն է տալիս նախահարձակ լինելու եւ զսպողի դերակատարություն իրականացնելու: Ես բարձր եմ գնահատում նրանց համարձակությունըԶինված ուժերի միջին եւ ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է մեր գործողությունների կատարելագործմանը»,- ասաց նախարարը:

Լրագրողներն այսօր նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի նոր մանրամասներով:  «Մենք մեր գործառույթները կատարում ենք, իսկ ոճրագործության հանգամանքները քննությունը կպարզի:  Մեր խնդիրն էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից,,-նշեց ոստիկանապետն ու մանրամասնեց, որ հանցագործի ձերբակալումից երկու ժամ առաջ ոստիկանությունը տեղեկատվություն ուներ, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է, այնտեղ 35 հոգանոց խումբ էր ուղարկել: Բայց նշանակություն չունի, թե ով է բռնել ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին»,-շեշտեց ոստիկանապետը: «Ռադիոլուր»-ի հարցին, թե հնարավոր համարում է արդյոք Գյումրիում սպանությանը այլ մարդկանց մասնակցությունը, Գասպարյանը նկատեց. «Բազում՝ հազարավոր հարցեր կան, որոնք պետք է պատասխան ստանան, մասնավորապես, ինչու է ռուս զինվորը նման քայլի դիմել, կոշիկը թողել տանը, այսքան տարածք ինչու է եկել, հասել, որ ճանապարհով»,- նշեց Վլադիմիր Գասպարյանը:

Ինչ վերաբերում է Գյումրիում հունվարի 15-ին ռուսական հյուպատոսության շենքի մոտ ոստիկանների եւ այս խնդրից բորբոքված քաղաքացիների բախումներին, ապա Գասպարյանի համոզմամբ, ոստիկանությունը մաքսիմալ հանդուրժողականություն է ցուցաբերել: «Ոստիկաններն ավելի քան 40 րոպե քարկոծման մեջ էին, սակայն ոստիկանությունը բացարձակապես ոչ մի գործողություն չի կատարել»: «Մենք հասկանում էինք, որ որոշակի կրքեր կային, կային կազմակերպիչներ, որոնց պետք է զատեինք, որ հենց նրանց ուղղեինք մեր գործողությունները։ Դեպքերը ցույց են տվել, որ նման պահերին սովորաբար տուժում են անմեղ, միամիտ մարդիկ, մենք խնդիր ունեինք ցույց տալու իրական պատկերը»,-շեշտել է նա։

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի դեպքերին, ապա Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց՝ այդ օրը ոստիկանությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հրապարակում հավաքված մարդկանցից մեկի մոտ զենք կա։ «Դրանով մենք կանխեցինք հանցագործություն»,-վստահ է ոստիկանապետը։ Գյումրիի դեպքերը ստիպեցին քաղաքացիների մի զանգվածի՝ պահանջել, որ ռուսական ռազմաբազան հանվի հանրապետության երկրորդ քաղաքից: Գեներալ-մայոր Արկադի ՏերԹադեւոսյանն այս առնչությամբ խորհուրդ է տալիս հանցագործությունը բազայի ներկայության հետ չկապել: Բազան պետք է մնա, այն մեզ պետք է, ասում է Կոմանդոսը, բայց նաեւ շեշտում՝ չպետք է գրել օրենքներ ու հետ կանգնել դրանցից՝ թե ռուսական ռազմաբազայում կարգուկանոնի, թե ռուս հանցագործին դատելու առումով:

Back to top button