Քաղաքական

Վերջին օրերին ներթափանցման փորձեր չկան, բայց կրակոցների թիվն է չափազանց մեծ. Սեյրան Օհանյան

lianaeghiazaryan

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 12000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ  նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:

Լրագրողներն այսօր պաշտպանության նախարարից հետաքրքրվել են սահմանին իրավիճակի մասին: «Կարծում եմ՝ մեր հարեւանները իրենց որդեգրած գործողությունների ձեւերից ետ մնալ չեն ուզում, շարունակ ցանկանում են լարվածություն պահպանել սահմանին՝ չհասկանալով, որ մենք հարցի լուծումը տեսնում ենք խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, վստահության միջոցով, իհարկե, նաեւ ռազմական համապատասխան փորձագիտության շրջանակներում: Նրանք չեն հասկանում: Վերջին օրերին ներթափանցման փորձեր չկան, բայց կրակոցների թիվն է չափազանց մեծ: Քանի դեռ Հայաստանի, միջազգային կառույցների ու հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդների հորդորները նրանց մոտ տեղ չեն հասնում, Հայաստանի զինված ուժերը ստիպված են խիստ պատասխան տալ նրանց, ավելի խիստ պատասխան 2015-ին»,-շեշտել է պաշտպանության նախարարը: 

Back to top button