Միջազգային

Պատմաբանը քննադատել է Ռասսել Քրոուին՝ ֆիլմում Հայոց ցեղասպանությանը չանդրադառնալու համար

Ավստրալացի հայտնի պատմաբան Փիթեր Սթենլին, ով մասնագիտացած է Առաջին աշխարհամարտի թեմայով, բացեիբաց քննադատել է հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուի վերջին ֆիլմը` The Water Diviner-ը («Ջրի մարգարեն»)` այն անվանելով «հիմնովին հիմար ֆիլմ»:

Ինչպես նշում է asbarez.com-ը, պատմաբանին զայրացրել է այն փաստը, որ Առաջին աշխարհամարտում ավստրալական զորքերի ներգրավվածության մասին պատմող ֆիլմում առկա են մեծ թվով պատմական անճշտություններ, որոնց թվում է Հայոց ցեղասպանությանը չանդրադառնալը: Մինչդեռ Քրոուն նշել է, որ The Water Diviner-ը հիմնված է պատմական իրողությունների վրա:

«The Water Diviner-ում ամեն ինչ մտացածին է և ոչ համոզիչ: Այդ հիմար ֆիլմն արժանի չէ այն ուշադրությանը, որը ստանում է: Դրանում որևէ անդրադարձ չի արվում Օսմանյան կայսրության գոյության ժամանակ տեղի ունեցած հայերի սպանդին»,- ասել է նա:

Ավստրալիայի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր հերթին նկատել է, որ «զարմանալի չէ, թե ինչու է Թուրքիան նման ջանասիրությամբ գովազդում այս ֆիլմը, որը փորձում է թուրքերին ներկայացնել զոհի դերում»:

Աղբյուրը հավելում է, որ Քրոուի ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը:

Back to top button