Քաղաքական

ՊՆ-ն սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու 7-կետանոց հրաման է կազմել

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին այսօր  Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ: «Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ 2014-ի ուսումնական տարին լարված էր:

Back to top button