Գետնաբուքի պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին`
ժամը 09:45-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և
Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած,
Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե
բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում
տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի, Բաղրամյանի, Թալինի,Սևանի տարածաշրջանում բուք է, Գյումրիում,
Մեղրիում՝ քամի:
Կապանում, Մեղրիում, Ճամբարակում, Սևանում, Եղվարդում, Կոտայքի մարզում,
Հրազդանում, Արմավիրի մարզում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում,
Արագածում, Վանաձորում, Մարալիկում, Թալինում, Արթիկում, Աշոցքում,
Դիլիջանում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ
տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: