Հասարակություն

«Հայկական գաթա- 2015» փառատոնը՝ Թբիլիսիիում

Գիտա Էլիբեկյան
Ռադիոլուր-Թբիլիսի

Թբիլիսիիում տեղի է ունեցել «Հայկական գաթա- 2015» փառատոնը: Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության կազմակերպած փառատոնը նպատակ ունի  ոջեշնչել հայ տիկիններին`  մոռացության չտալ հայկական գաթան և ընդհանրապես հայկական ավանդական ճաշատեսակները:

 

Թբիլիսիում բնակվող տիկին Վարսիկը այսօր քաղաքի այն եզակի հայուհիներից է, որ տիրապետում է  հայկական գաթա  պատրաստելու բոլոր գաղտնիքներին: Հայկական գաթան նախ և առաջ ըստ նրա առանձնանում է իր համով. «Իսկ համն էլ կախված է  ոչ միայն բաղադրությունից, այլ թե որքան սիրով ես պատրաստում այն»,- բացատրում է նա:

Գաթա պատրաստել նա սովորել է տատիկից, ով Լոռու մարզից էր հարս եկել Թբիլիսի` իր հետ բերելով նաև վիրահայերին անծանոթ  մի շարք հայկական կերակրատեսակներ: Այժմ տիկին Վարսիկն  ամեն ինչ անում է, որ աղջիկը ևս  կարողանա «իսկական» հայկական գաթա պատրաստել.  որովհետև ինչպես ինքն է ասում,  երիտասարդ աղջիկները ոչ միայն չեն կարողանում հայկական ուտեստներ պատրաստել, այլ նույնիսկ տեղյակ չեն, թե որն է հայկական:

Որպեսզի վիրահայերը չմոռանան ազգայինն ու  ավանդականը,  Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը արդեն մի քանի տարի է կազմակերպում է հայկական գաթայի  փառատոն: Մարդիկ գալիս ու տարբեր տեսակի հայկական գաթա են համտեսում, տան տիկիններն էլ միմյանց են փոխանցում  իրենց իմացած գաթայի պատրաստման ձևերը:

Միության ղեկավար Սուսաննա Խաչատրյանի խոսքով՝ հայկական գաթայի մի քանի տեսակներ գոյություն ունեն. «ներկայացնում ենք շերտերով,  մածունով, ընկույզով, մեղրով գաթաներ վիրահայ տանտիկինների ձեռքով ու սրտի ջերմությամբ պատրաստված: Ցավոք, այս տարի չկար Ջավախքի աղի գաթան»:

Ավանդաբար հայ տանտիկինները գաթան թխել են կլոր` վրան աստղանշանով: Սակայն գաթա պատրաստելու ձևը տարիների ընթացքում փոփոխվել է. «գաթան ընտանիքի ջերմությունն է,  միասնությունն ու  ամրությունը.  այն ավանդաբար ընդունված է եղել կտրել տան արու զավակի մեջքին, որպեսզի տան ուժն ու հզորությունը նրան անցնի»:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը գաթայի փառատոնը ինչպես նաև տոլամայի ու հարիսայի փառատոնների անցկացումն  արդեն ավանդույթ է դարձրել, նպատակ ունենալով հայության շրջանում տարածել  հայկական ավանդական ուտեստները. «հիշում եմ, երբ առաջին անգամ  որոշոցինք հարիսայի փառատոն անցկացնել, ցավոք Թբիլիսիիում քչերը գիտեին դրա պատրաստման եղանակը, բայց այսօր արդեն շատերը գիտեն»:

Back to top button