ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգված է շփման գծում զինված միջադեպերի առնչությամբ
Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զինված միջադեպերի առնչությամբ և կոչ են անում կողմերին բանակցությունների միջոցով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վերջին օրերի հրադադարի խախտման դեպքերը:
«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումների, ինչպես նաև զոհերի մասին հաղորդագրություններով: Այս միջադեպերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնառությանը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր «շարունակում են կոչ անել երկու կողմերին բանակցություններ վարել, որը կբերի խաղաղության համաձայնագրի և միջոցներ ձեռնարկել շփման գծի և սահմանի երկայնքով նման դեպքերի հավանականությունը նվազեցնելու համար»:
«Դա շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը: