ԿարևորՔաղաքական

Մամուլի ազատության ցուցանիշով ԵՏՄ գործընկերները զիջում են Հայաստանին

lusinevasilyan
Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միությունը գործում է, իսկ Հայաստանն այդ կառույցի լիիրավ անդամ է : Անդամակցության տնտեսական ու սոցիալական արդյունքները կանխատեսումների դաշտից տեղափոխվում են իրական դաշտ ու առաջիկա ամիսներն արդեն  որոշակիորեն կուրվագծեն, թե որ սպասումներն էին ավելի իրատեսական:  Տնտեսական արդյուքներից բացի ՝ մասնագետները մտավախություններ  ունեին մեկ այլ հարցում: Տարբեր, այդ թվում հիմնարար ազատություններին վերաբերող ցուցանիշներով, ԵՏՄ գործընկերները զիջում են Հայաստանին:

 

 

Տնտեսական հզորությամբ, ՀՆԱ-ի չափով Հայաստանը ԵՏՄ երկրների հետ լուրջ մրցակցության մեջ չէ, փոխարենը իր նոր գործընկերոներին մեր երկիրը գերազանցում է, օրինակ, մամուլի ազատության ցուցանիշով:

Ոլորտի մասնագետների կանխատեսումներն այն հարցի շուրջ, թե ինչպես կանդրառառնա նոր  միությանը  Հայաստանի անդամակցությունը մեր երկրում խոսքի ու մամուլի  ազատության վրա,  լավատեսական չեն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն օրինակ կցանկանար, որ նոր միության անդամակցությունը որևէ կերպ չազդեր խոսքի ազատության հայաստանյան իրավիճակի վրա, բայց, ասում է՝  սա իդեալիստական մոտեցում կլիներ:  Փորձագետի ակնկալիքները հիմնկանաում վտանգների տեսքով են, քանի որ միությանն անդամակցող բոլոր երկրների համեմատությամբ ՝ խոսքի ազատության առումով Հայաստանի ցուցանիշներն առայժմ  լավագույնն են:

«Բոլոր թերություններով, դժվարություններով հանդերձ, դուք գիտեք, որ մեր կազմակերպությունը միշտ քննադատաբար է մոտենում իրավիճակին, բայց օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ Հյաստանում խոսքի ազատության վիճակն ամենալավն է այդ երկրներից»:

Հնարավոր տարբերակները  երկուսն են՝ կամ  Հայաստանն է ընդօրինակում վատ փորձը ու մուտ տալիս վատ բարքերին, կամ հակառակը ՝ Հայաստանի օրինակը ուղենիշ է դառնում միության մյուս՝ ազատությունների հարցում մեզ զիջող երկրների համար:

«Վատը, ցավոք, ավելի շուտ է ընդօրինակվում, իսկ վատը ավելի շատ է այդ երկրներում, քան լավը: Իհարկե, լավ կլինի, որ հակառակը տեղի ունենա, բայց ես հոռետես եմ այդ հարցում»:

Գրեթե նույն վիճակն է նաև կոռուպցիայի ընկալման առումով: Հայաստանն այս ցուցանիշով նույնպես գերազանցում է եվրասիական գործընկերներին:

Ընդհանրապես,  կոռուպցիայի ընկալման համաթվով, բացի բալթյան հանրապետություններից ու Վրաստանից,  հետխորհրդային  մյուս բոլոր երկրները շարունակում են զիջել Հայաստանին:  Զիջողների թվում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ 3 երկրները: Սա նշանակում է, որ ԵՏՄ-ում մեր գործընկեր պետությունները՝ Ռուսաստանը Ղազախստանն ու Բելառուսն ավելի կոռումպացված են, քան Հայաստանը: Այդ ընկերակցությամբ որքանով է հաջողելու Հայաստանը կոռուպցիայի դեմ հետագա պայքարը. Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեծ լավատեսություն չունի: Ասում է՝ Հայաստանն այդ միության մեջ ամենահզոր տնտեսությունը կամ քաղաքական ամենամեծ կշիռն  ունեցող երկիրը չէ, որ կարողանա վարքագծի կանոններ թելադրել:

«Ես առանձնապես չեմ հավատում , որ Հայաստանը կդառնա լիդեր, իսկ մյուս երկրները կփորձեն հասնել Հայաստանին: Ավելի շատ վտանգ եմ տեսնում, որ հակառակը տեղի կունենա»:

Բայց նաև Վարուժան Հոկտանյանը կողմնակից չէ միանշանակ եզրահանգումներ անելուն: ԵՄ-Հայաստան հարաբերություններն ավարտված չեն ու եվրոպական համագործակցությունը հուսադրում է, որ հնարավոր բացասական ազդեցությունը կչեզոքացվի:

«Եթե մենք ունենայինք փակ համակարգ, որը չփոխազդեր համաշխարհային դերակատարների հետ, իմ կանխատեսումներն ավելի հոռետեսական  կլինեին: Բայց հույս ունեմ, որ մեր համակարգը վերջնականապես չի փակվի և մենք մեծ նահանջ չենք ունենա»:

Back to top button