ԿարևորՔաղաքական

Հանրապետական կուսակցության գերնպատակ էր ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը. Էդվարդ Շարմազանով

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Իշխող Հանրապետական կուսակցության համար տարին հագեցած ու դժվարին է եղել, 2014 թվական էլ ՀՀԿ-ն փակում է որպես Հայաստանի առաջատար եւ ծանրակշիռ քաղաքական ուժ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդդիմադիր գործիչներին խորհուրդ է տալիս ոչ թե գեղեցիկ խոսել, այլ ծրագրեր ներկայացնել: 

«Տարին բավականին հագեցած էր իր արդյունքներով, դժվարին տարի էր, հեշտ տարի չէր, և պիտի նշեմ, որ այդ տարում ունեցանք թե՛ նվաճումներ, թե՛ ձեռքբերումներ, և թե՛ կորուստներ»,- տարվա ամփոփումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է: Արտաքին քաղաքական առումով նշեց, որ ՀՀԿ-ի համար գերնպատակ է եղել ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրը, և այդ առումով կարևորության խնդիրը անցնող տարում չի փոխվել:

Այս համատեքստում էլ թիվ մեկ ձեռքբերումը համարեց օգոստոսյան դեպքերի ժամանակ համազգային միասնությունն ու քաղաքական ուժերի կոնսոլիդացիան։ Իսկ հիմնական կորուստն էլ նույն դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների կյանքն էր, որն այլևս անդառնալի է:  Շարմանազանովը  արձանագրեց, որ 2014-ը ցույց տվեց, որ Հայաստանի ամենածանրակշիռ և առաջատար քաղաքական ուժը հենց Հանրապետական կուսակցությունն է: Որպես ապացույց նա նշեց խորհրդարանում հանրապետականների կատարած աշխատանքները և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնցում հաղթողները մեծամասամբ իշխող կուսակցության ներկայացուցիչներ էին: Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին, Շարմազանովը նշեց, որ սովորոկան տարի էր:

«Սովորականի պես ընդդիմությունը քննադատում էր, իշխանությունը աշխատում էր, որոշ դեպքերում կարող էին լինել էմոցիոնալ գնահատականներ, բայց քաղաքական կյանքը դրանից հեռու չէ: Առանց էմոցիոնալ գնահատականների չի լինում քաղաքական պայքար: Աշունը, չնայած տարբեր կանխատեսումների, թեժ չստացվեց»:

Շարմանզանովը թեժության համար մատնաշեց, այն, որ երկու հանրահավաքներով քաղաքական աշունը չէր կարող թեժ լինել, իսկ եթե թեժ լիներ, ապա լրագրողները Ազատության հրապարակում կլինեին, այլ ոչ իր ասուլիսին:

Նոր ձևավորված կառավարությունն ի՞նչ փոխեց ՀՀԿ գործընթացում, որ չէր եղել նախկին կառավարության օրոք:

«Կառավարությունը նոր է ձևավորվել և այն գործում է ընդունված ծրագրի համաձայն: Քաղաքական մեծամասնությունը հավատում է կառավարությանը և վերջինս կարողացել է շատ հարցերին դրական լուծում տալ»:

ՀՀԿ  փոխխոսնակը նաև խոսեց  բացթողումներից.«Հայաստանում դեռևս կան աղքատներ, գործազուրկներ, արտագաղթի միտումներ, բայց դրա համար պետք է ոչ թե գեղեցիկ խոսել, այլ ծրագրեր ներկայացնել, որը մեր ընդդիմադիր գործիչներից շատերը չարեցին: Բացառություններ կային, ես կարող եմ անուններ նշել՝ Միքայել Մելքումյան, Արծվիկ Մինասյան, Հրանտ Բագրատյան, այլ կառուցողական առաջարկ ես մյուսներից չլսեցի»:

Back to top button