Հասարակություն

Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն  այցելել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված:

Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանն ուղղված Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ծրագրի առաջին փուլով իրականացված  աշխատանքներին:

«Ծրագրի հաջորդ փուլով նախատեսում ենք Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցել շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային խոշոր հանգույց՝ թունելային երկու բացվածքներով: Այն Արտաշատի խճուղու լայնացման արդյունքում կապահովի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս և դրանով իսկ զգալիորեն կբեռնաթափի նաև փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը», — ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման աշխատանքները առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհատավածը: Ճանապարհի հնարավորություններին տեղում ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետը: Դեռ խորհրդային տարիներից նախատեսված այս ճանապարհի կառուցումն իրականացվել է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով:

Back to top button