Հասարակություն

Կառավարության տարեվերջյան նիստն անցավ գերհագեցած օրակարգով

hasmikdilanyan
Կառավարության տարեվերջյան նիստ ու գերհագեցած օրակարգ: Գործադիրն այս տարվա վերջին նիստն է անցկացրել ու  հաստատել օրակարգում ընդգկված բոլոր հարցերը:  Այսօր հաստատվել է նաև  նոր ստեղծված ու վերամիավորված նախարարությունների  կանոնադրությունը, մի շարք նախագծեր, որոնք  կարգավորում են ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված հարցերը: Կառավարության որոշմամբ, 2015թ հունվարի մեկից ՀՀ-ում հինգ հազար դրամով բարձրանալու է կենսաթոշակի միջին չափը, փոփոխություններ են կատարվել նաև  «Պետական նպաստների մասին օրենքում»: Կրթության ու գիտության նախարար  Արմեն Աշոտյանի առաջարկով աշխարհի չորս առաջատար բուհեում սովորող չորս երիտասարդների կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել, սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է՝ « պարոն Աշոտյան, սա առաջինն ու վերջինն է, այսպիսի դեպքեր չեն կրկնվելու»:

Կառավարության՝ տարեվերջյան նիստի օրակարգը հագեցած էր, ներառված էին շուրջ  վեց տասնյակ
հարցեր: Հաստատվեց նոր ստեղծված նախարարության՝ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարության կանոնադրությունը, նախարարության հիմնական գործառույթները ընդգրկում են միջազգային տնտեսական կառույցների ու միությունների հետ:

Ենթադրվում է , որ նախարարությունը ունենալու է երկու մասնագիտական վարչություն, իսկ նախարարության  մնացած սպասարկումը  իրականացնելու է ՀՀ կառավարության աշխատակազմը:  Հաստատվեց նաև ՀՀ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության կանոնակարգը:

«Պետական նպաստների մասին օրենքում կատարված փոփոխություններով կառավարությունը «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների և թաղման նպաստի չափերը» բարձրացրեց: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարվանից  վերը նշված նպաստները կբարձրանան շուրջ երկու հազար ական դրամով:

2015թ հունվարի մեկից կբարձրանան նաև կենսաթոշակները: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասարտյանն է մանրամասները ներկայացնում

«Նախատեսվում է հիմնական կենսաթոշակի գործող չափը 2015թ հունվարին 14 հազար դրամի փոխարեն սահմանել 16 հազար դրամ, առաջին տասը տարվա համար 700 դրամը մեկ տարվա արժեքի սահմանել  800 դրամ, 450դրամը՝ 500 դրամ: Ըստ էության սա բյուջեով նախատեսված համապատասխան կենսաթոշակի չափի միջինը 14 տոկոսով  ավելացման որոշում է, որի արդյունքում 2015թ հունվարից կենսաթոշակի միջին չափը 36 հազար դրամի փոխարեն կկազմի մոտ 41 հազար դրամ»:

Հստակեցվեցին նաև  2015թ հունվարի մեկից հետո սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ  բժշկական քննության  առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների հետ կապված հարցերը:  Ընդլայնվեցին սոցփաթեթի շահառուների բժշկական ծառայությունները՝  ներառվելով հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:  ՀՀ  կառավարությունը հաստատեց  Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2­ի՝ ՀՀ  բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին կից արձանագրությունը: « ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի  հիշեցմամբ, համաձայնագրով ՌԴ­ից  ՀՀ առաքվող բնական գազի , նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձելու:

Ի դեպ, նմանատիպ  նախագիծ  ներառված է  նաև ՌԴ այսօրվա կառավարության նիստում: Հստակեցվեին նաև մեր երկրից ու մեր երկիր երրորդ երկրներից   առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը:

Կառավարության որոշմամբ, սահմանամերձ համայնքների ցանկում ներառվեց նաև Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքը: Մեկ պատուհանի սկզբունքը կներդրվի նաև  նոտարական համակարգում, որտեղ կաշխատեն  Էլեկտրոնային  համակարգով:  Քաղաքացին այլևս ստիպված չի  լինի նոտարական գրասենյակներ  ու կադաստրի տարբեր ստորաբաժանումներ  այցելել, համապատասխան  վճարումների դեպքում կսպասարկվի միայն նոտարական գրասենյակում:  Պետական միջոցներով կառուցվող ու վերակառուցղվող տարբեր նշանակության հաստատություններում կներդրվի էներգախնայողության  համակարգը:

Վճարունակ չլինելու պատճառով որոշ հողօգտագործողներ դժվարանում են վճարել մատչելի գնով ձեռքբերված պարարտանյութերի գումարը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի առաջարկով վարկերի  վճարման ժամկետը երկարաձգվեց մինչև 2015թ մայիսի մեկը:  Մինչ որոշման ստորագրումը,  վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության ու ֆինանսների նախարարներից մանրամասն տեղեկանքներ պահանջեց:

Այսպիսին էր 2014թ կառավարության վերջին նիստը: Գործադիրի անդամները կրկին նույն դահլիճում կհավաքվեն արդեն 2015թ:

Back to top button