Հասարակություն

Մարդու իրավունքները պետության քաղաքականության առաջնահերթություններում չեն, կարծում են փորձագետները

karenghazaryan
«Մեդիա կենտրոնում» այսօր «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ը ներկայացրել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» արդյունքները՝ կապված սահամանադրական բարեփոխումներից բնակչության ունեցած ակնկալիքների հետ, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակի հետ:

Սահմանադրական բարեփոխումներին առնչվող ուսումնասիրությամբ՝ կազմակերպությունը նպատակ է հետապնդել նաեւ առավել հասարակական մասնակցություն ապահովել բարեփոխումների գործընթացում: Դիտարկումներում ներառվել են նաեւ փորձագետների կարծիքներ: «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանն, ամփոփելով հարցումների արդյունքները, նշեց, որ փորձագետները Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների չկիրառումը հիմնականում պայմանավորում են քաղաքացիների ցածր իրավագիտակցությամբ: Մյուս կողմից, սակայն, փորձագետների որոշ խումբ կարծում է, որ դա պետության վարած քաղաքականության արդյունք է.

«Առաջնահերթությունների մեջ չէ մարդու իրավունքները՝ որպես այդպիսին: Մշակութային եւ քաղաքական խնդիրներն են, որոնք պայմանավորում են այսօր սահմանադրական նորմերի՝ մարդու իրավունքների մասով անմիջապես չկատարումը: Ինչպես նաեւ՝ օրենսդիր եւ գործադիր իշխանության ոչ լեգիտիմությունը – այս կարծիքն են հիմնականում արտահայտել սահմանադրագետներն ու իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ»:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝  հարցված քաղաքացիների 56 տոկոսի կարծիքով մարդու իրավունքների խախտումները կապված են օրենքները չկիրառելու հետ: Նման տեսակետներ առկա են եղել նաեւ փորձագետների մոտ: Ավելի քիչ են այն կարծիքները, որ քաղաքացիներն իրենք տեր չեն կանգնում իրենց իրավունքներին: Հարցված քաղաքացիների 5 տոկոսն է կարծիք հայտնել, որ դատական իշխանություններն անկախ չեն: Մինչդեռ, փորձագետներն այդ հանգամանքն առաջնային պայման են համարում: Պատասխանելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ մեծամասնությունը տեսակետ է հայտնել, որ գործող Սահմանադրությունն էլ կիրառելու դեպքում որեւէ խնդիր չի առաջացնում: Փորձագետների շրջանում, սակայն, կարծիքները կիսվում են:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանի փոխանցմամբ՝ հարցվածների 60.1 տոկոսը չի տեսնում բարեփոխումների անհրաժեշտություն: 24.5 տոկոսն է միայն կարծում, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նրա խոսքով՝ հասարակության եւ փորձագետների շրջանում բավականին ցածր է նաեւ գործընթացի նկատմամբ վստահությունը:

«Հասարակության կողմից, բոլոր դեպքերում, ընկալվում է, որ դա անվստահելի մթնոլորտում է անցնելու: Այստեղ, բոլոր դեպքերում, փորձագետների եւ բնակչության կարծիքը համընկնում է»:

Հարցումներ են արվել նաեւ արտաքին կողմնորոշման վերաբերյալ: Արդյունքը խոսում է ԵՄ-ի օգտին: Նրանք, ովքեր կողմ են ԵՄ-ին՝ սխալ են համարում նաեւ տնտեսական զարգացման ուղղությունը: Կազմակերպության նախագահը տեղեկացրեց նաեւ, որ իրենց հետազոտությունն անցկացրել են ինչպես մեծ քաղաքներում, այնպես էլ՝ փոքր քաղաքներում եւ գյուղական համայնքներում: Հարցումներին մասնակցել է հանրապետության 1300 քաղաքացի: Ըստ նրա՝ մեծ մասը հետաքրքրված է քաղաքականությամբ: Այս առումով՝ ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, ամենացածրը՝ կոտայքում: Փորձ է արվել հասկանալ նաեւ, թե որոնք են քաղաքացիները համարում երկրի հիմնական խնդիրները: Մեծ մասի կարծիքով՝ 36.4 տոկոսի, դա տնտեսական զարգացման ցածր մակարդակն է: Ռուբեն Սարգսյանի փոխանցմամբ՝ 49.5 տոկոսի կարծիքով Հայաստանը զարգանում է սխալ ուղղությամբ: 61 տոկոսի կարծիքով՝ պատճառը օլիգարխիկ համակարգն է ու կոռուպցիան:  Հարցվածների միայն 1 տոկոսն է համարել, որ զարգացումը միանգամայն ճիշտ ուղղությամբ է ընթանում:

 

 

 

 

Back to top button