Տնտեսական

2008-2014 թթ «ՀԿԵ» ներդրումները կազմել են 100 մլրդ 858 մլն դրամ

karenghazaryan
2008-2014 թթ Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները կազմել են 100 մլրդ 858 մլն դրամ: Այս մասին այսօր հայտնել է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ամփոփել է 2014 թվականին ընկերության գործունեության արդյունքները՝ շեշտելով, որ միայն անցնող տարում ընկերության ներդրումները կազմել են 6 մլրդ 500 մլն դրամ: Հիշեցնենք, որ ստանձնելով Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարումը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2038 թվականը երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ու արդիականացման համար ներդնել 174 մլրդ 559 միլիոն 900 հազար դրամ:

Վիկտոր Ռեբեցը նշել է նաեւ, որ անցնող տարին երկաթուղու համար բավականին դժվար տարի է եղել՝ կապված առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալի անկման հետ. հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 827 հազար 700 տոննա, ինչը 6.3 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խոսքով՝ բեռնափոխադումների անկումը պայմանավորված է եղել մետաղների, նավթամթերքի, ցորենի եւ ցեմենտի փոխադրումների կրճատումներով:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրել է նաեւ, որ գալիք տարում ներդրումները կկազմեն 6 մլրդ 500 հազար դրամ: Արձագանքելով լրագրողների հարցերին՝ Վիկտոր Ռեբեցն անդրադարձել է նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման խնդրին՝ շեշտելով, որ գործընթացը շարունակվում է եւ դրա համար նույնպես ժամանակ է անհրաժեշտ: «Մենք հույս ենք կապում այդ նախագծում մեր տեղը գտնելու հետ»,-հավելել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը: Ի պատասխան հարցերից մեկի էլ՝ Վիկտոր Ռեբեցը  շեշտել է նաեւ, որ Ռուսաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները եւ Ռուսական երկաթուղու վրա դրանց ազդեցությունը  ուղղակի կապ չեն կարող ունենալ Հարավկովկասյան երկաթուղու հետ: Նրա խոսքով, սակայն, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հեռանկարային նոր հնարավորություններ է բացում ընկերության համար:

Back to top button