Հասարակություն

2014-ը շրջադարձային էր բարձրագույն կրթության ոլորտում մատչելիության ապահովման առումով. Արմեն Աշոտյանն ամփոփել է անցնող տարին

sonahakobyan
Կրթությունը թերևս մնում է այն բնագավառը, որը մշտապես բարեփոխումների կարիք ունի: Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: Խոսելով տարվա ձեռքբերումներից, նախարարը նախ առանձնացրել է ամենագլխավորները, ապա մյուս ծրագրերը: Աշոտյանը խոսել է սոցիալական աջակցության փաթեթի, միրցակցային հիմնադրամների ներդրման, կրթության գերազանցության ազգային ծրագրի, «Ազգային երգուպար» պիլոտային ծրագրի և շախմատ առարկայի ներդրման մասին:


2014 թվականը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր որկակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով, ամփոփելով անցնող տարին նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Առանձնացնելով տարվա գլխավոր 5 ձեռքբերումները՝  նախարար Աշոտյանը նկատեց, որ տարին շրջադարձային էր բարձրագույն կրթության ոլորտում կրթության մատչելիության ապահովման առումով: Ներդրվեց ուսանողների սոցիալական աջակցության նոր, աննախադեպ փաթեթ: Ըստ այդմ, նոր օրենքը պարտադրում է բոլոր բուհերին իրենց վճարովի ծառայությունները ուղղել ոչ վճարունակ ուսանողներին, սահմանվել է ուսման վարձի վերին շեմ:

2-րդ կարևոր ձեռքբերումն ըստ նախարարի նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրն էր, որի շնորհիվ  10 բուհ ստացավ 3,7 մլն դոլարին համարժեք աջակցություն ծրագիրն իրականացնելու համար: Կարևոր ձեռքբերումներից  Արմեն Աշոտյանն առանձնացրեց նաև կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:

«4-րդ ձեռքբերումը հանրակրության մասին օրենքի նոր խմբագրության ընդունումն էր, որով մենք անցնում ենք տոտալ ներառականության սկզբունքին»:

Նախարարը նշեց, որ Հայաստանի ներառական դպրոցների թիվը այս տարի հասել է 139-ի: Ծրագրի ներդրման վերջնաժամկետը 2015 թվականն է: Թվարկած բոլոր ձեռքբերումների մեջ ամենագլխավոր նվաճումն ըստ գերատեսչության ղեկավարի՝ միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտների հաջողություններն են: Միայն անցնող տարվա ընթացքում մեր աշակերտները նվաճել է 19 միջազգային մեդալ:

Նախարարը բացի այս ձեռքբերումներց, ներկայացրեց նաև մի շարք այլ ծրագրեր, մասնավորապես՝ «Ազգային երգ ու պար» ծրագիրը, որը փորձարկվեց 12 դպրոցներում: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև նախադպրոցական կրթության մատչելիության ապահովմանը: Հաջորդ տարվա ծրագրերի մասին նախարարը կխոսի արդեն 2015 թվականին:

Որպես բացառություն գալիք տարվա ծրագերից Արմեն Աշոտյանը մատնանշեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված դասընթացները, որոնք ներառվելու են եվրոպական տարբեր երկրների  հանրակրթական ծրագրերում:

Back to top button