«Cercle diplomatique et économique international»-ի հերթական համարը՝ նվիրված Հայաստանին
Դեկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի է ունեցել ընդունելություն Վիեննայում լույս տեսնող «Cercle diplomatique et économique international» ամսագրի` Հայաստանին նվիրված համարի կապակցությամբ: Ինչպես հայտնում են ԱԳ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին Ավստրիայի գիտության, հետազոտությունների և տնտեսության նախարարի տեղակալ, արտաքին առևտրի և եվրոպական ինտեգրացիայի բաժանմունքի վարիչ, Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հանձնաժողի ավստրիական կողմի համանախագահ Բեռնադետ Գիռլինգերը, Ավստրիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի հետ համագործակցող ավստրիական գործարար շրջանների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայազգի գործարարներ, լրագրողներ:
Համարում զետեղված են Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ ընդարձակ հարցազրույցը, 2014թ. հունիսի 10-12-ը Ավստրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 12-ի ելույթը Ավստրիայի առևտրատնտեսական պալատում՝ նվիրված հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերություններին: Ամսագրի կազմին պատկերված է Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի շքեղ լուսանկարը:
Ելույթով հանդես են եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Վալթրաուդ Շթայնբյոքը: