Կառավարությունը կփոխհատուցի 32 սահմանամերձ համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնային վարձը
Հայաստանի կառավարությունը 2015 թվականի հունվարի 1ից կփոխհատուցի 32 սահմանամերձ համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնային վարձը,մասնակիորեն նաև գույքահարկը և հողի հարկը: ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության մասին նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նախագծով սահմանվում են սահմանամերձ համայնքների բնակիչ բաժանորդների կողմից սպառած բնական գազի փոխհատուցման դրույթները, համաձայն որոնց` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի կողմից մատակարարվող գազի սակագնի մասնակի փոխհատուցումը կտրամադրվի 2015 թվականի հունվարի 1ից մինչև դեկտեմբերի 31ն ընկած ժամանակահատվածում գումարային մինչև 360 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման մասով:
Ընդ որում, օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված բնական գազի քանակության համար «Գազպրոմ Արմենիա»ի կողմից վճարումները կգանձվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Սահմանվում են նաև սահմանամերձ համայնքների բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի մասնակի փոխհատուցման դրույթները, 2015 թ.ի գումարային մինչև 1440կՎտ մատակարարված էլեկտրաէներգիայի սպառման մասով: Վերոնշյալ նախագծով կարգավորվում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի բաժանորդ չհանդիսացող, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի բաժանորդ հանդիսացող բաժանորդների համար փոխհատուցման տրամադրման խնդիրը, համաձայն որի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸին 2015ի հունվարի 1ից մինչև դեկտեմբերի 31ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին կտրամադրվի 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. Մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:
Միաժամանակ, ոռոգման ջրի փոխհատուցումը կտրամադրվի ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով: ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից ՀՀ կառավարությունը նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե է վճարելու ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից: