Ռուսաստանը գլորվում է դեպի ֆինանսական անդունդ. BBC
Ռուսաստանի կառավարությունն այսօր երեկոյան արտահերթ նիստ է հրավիրում ֆինանսական շուկայի իրավիճակը քննարկելու նպատակով: Ռուսական արժույթն այսօր սրընթաց անկում է ապրում. եթե առավոտյան Մոսկվայի բորսայում դոլարը վաճառվում էր 67, եվրոն 83 ռուբլով, այժմ արդեն դոլար արժե 80,եվրոն ավելի քան 100 ռուբլի: Ռուսական արժույթի էժանացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր որոշել է բարձրացնել ռուբլու վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝10,5 տոկոսից մինչև 17 տոկոս, ինչը, սակայն չկանխեց ռուբլու սրընթաց անկումը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՕՊԵԿ-ը մտադիր չէ կրճատել նավթի արդյունահանման ծավալները, անգամ եթե սև ոսկու գինը միջազգային շուկայում հասնի 40 դոլարի, ինչը ռուբլու վրա լրացուցիչ ճնշման պատճառ է դարձել: Տնտեսագետների կանխատեսումները հոռետեսական են: Վեդոմստի պարբերականի կողմից հարցված փորձագետները նշել են, որ ռուսական տնտեսությունը անխուսափելիորեն հայտնվում է կոլապսի մեջ: Բի-բի-սիի տնտեսական խնդիրներով մեկնաբանն այսօր գրում է, որ Ռուսաստանը գլորվում է դեպի ֆինանսական անդունդ: Բի-բի-սին, ի դեպ, ռուսական ռուբլու անկմանը հետևում է առցանց ռեժիմով: