Քաղաքական

ԱԺ արտահերթ նիստը չի կայանում քվորումի պատճառով. այժմ մեծամասնությունն է բոյկոտում

Այսօր ժամը 18։30- ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չի կայանում քվորումի բացակայության պատճառով։ Նիստի սկզբին գրանցվել է միայն 45 պատգամավոր։ Այժմ գործում է երեքժամա ռեժիմը. եթե երեք ժամում քվորում չապահովվի՝ արտահերթ նիստը չի կայանա։

Օրակարգում փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրաժարականի պահանջն է։ Մինչ այս պահանջի ձեւակերպումը ոչ իշխանական ուժերը մտադիր էին արտահերթի քննարկման առարկա դարձնել վերջին օրերի բռնությունները դատապարտող հայտարարությունը։

Ոչ իշխանականների ծրագիրը փոխվել է, երբ առավոտյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճում մի հայտարարության նախագիծ է հրապարակել:  Ըստ դրա՝ ԱԺ-ն  խորապես մտահոգված  է հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երեւույթներով, խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու ու հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ և  իրավապահներին կոչ է անում արագ հայտնաբերել եւ խստորեն դատապարտել Արամ Մանուկյանի եւ «մյուս քաղաքացիների» նկատմամբ բռնությունների մեղավորներին:

Ի դեպ՝ հայտարարության մեջ նաև կոչ կա ուղղված քաղաքական ուժերին՝ հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությունը եւ ավելացնել լարվածությունը: Խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է քաղաքական մյուս ուժերին միանալ հայտարարության այս նախագծին։

Back to top button