Հասարակություն

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20- ամյակին նվիրված հանդիսությունը։ Արարողությանը մասնակցել է նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը պարգեւատրել է կենտրոնի մի շարք աշխատակիցների։

Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:

Հանդիսության ժամանակ ներկայացվել է կենտրոնի անցած տարիների գործունեությանը նվիրված ֆիլմ։ 1993 թվականին «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրվեց մանկական սրտավիրաբուժության բաժին, իսկ 1996- ին բացվեց նաեւ մեծահասակների բաժինը։ Կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների եւ ասոցիացիաների անդամ, Օրեգոնի բժշկական համալսարանի շնչառական վիրաբուժության առաջին մրցանակակիր Հրայր Հովակիմյանը։ Նա վերջին 20 տարիներին վերապատրաստել է սրատային վիրաբուժության մեծ թվով մասնագետներ։

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյան

Back to top button