ԿարևորՔաղաքական

Ի՞նչու է Հասան Ջեմալի երեւանյան այցը աղմուկի պատճառ դարձել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանությունը ծրագրած երեք ոճրագործներից մեկի՝ Ջեմալ փաշայի  թոռան՝ Հասան Ջեմալի հետ երեւանյան վերջին հանդիպումները բուռն քննարկումների առիթ են դարձել: Հիշեցնեմ՝ թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որով, ըստ էության, անձամբ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրում դրա համար:

Հեղինակի վստահեցմամբ՝ գիրքը գրվել է, որպեսզի երկխոսության հարթակ դառնա հայ և թուրք հասարակությունների միջև՝ առանց ազգայնամոլական գաղափարների, և դրա համար, նրա ձեւակերպմամբ, անհրաժեշտ է հաղթահարել անցյալն ու նայել առաջ:

Գրքում տեղ են գտել Հասան Ջեմալի՝ տարբեր տարիների գրած հոդվածները, հանդիպումների մասին պատմող դրվագներ, հեղինակը պատմում է նաև Հայաստան կատարած իր առաջին այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելու մասին:

Գիրքը թարգմանվել է նաև հայերեն, սակայն Հայաստանում թուրք հեղինակին և նրա առաջ քաշած գաղափարները միանշանակ չեն ընդունվում: Գրքում տեղ են գտել կարծիքներ, որոնց հետ հայ ժողովուրդը համաձայն չէ, քանի որ դրանք հակասում են պատմական իրականությանը: Մասնավորապես, հեղինակը հայ վրիժառուներին անվանում է «ավազակախումբ», իսկ Արցախի մասին գրում, թե 1992-93 թթ. հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20%-ը:

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը հայտարարում է՝ ինքն է Հասան Ջեմալի գիրքը թարգմանել հայերեն ու տեղյակ է հանգամանքներին: Հասան Ջեմալն ինքը որոշ դեպքերում գնացել է հայ մասնագետների հիմնավորումներին ընդառաջ ու փոփոխություններ կատարել տեքստում՝ հանելով խեղաթյուրված տեղեկությունները:  Բայց, միեւնույն է, գիրքը վերջին հաշվով ստացել է թուրքամետ տեսք:

Ով է դրա մեղավորը:  Ռուբեն Մելքոնյանը պարզաբանում է՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» աշխատությունը թարգմանվել է ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնի դասախոսների կողմից, սակայն տպագրության ընթացքում կատարվել են տեքստային խեղաթյուրումներ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որից էլ հենց պարզաբանումներ է պահանջել թուրքագետը:

«Թեպետ թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը Ցեղասպանությունն ընդունել ու ներողություն է խնդրել, բայց ցանկալի կլիներ լսել նրա գնահատականները Հայոց ցեղասպանության իրավական, հատուցման խնդիրների մասին»,-շարունակում է թուրքագետը:

Այնինչ՝ ինքը՝ Հասան Ջեմալը, պատմական իրական փաստերից խոսել խուսափում է, «Ես պատմաբան չեմ»,-ասում է,- Ղարաբաղի պատմությունը խորությամբ չեմ ուսումնասիրել և չեմ կարող վիճել պատմական փաստերի շուրջ»:

Նման մի զրույց էլ օրեր առաջ ծավալվել է Երեւանի պետական համալսարանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Երբ ուսանողները սկսել են Ջեմալին հարցեր տալ պատմական իրողությունների մասին, թուրք լրագրողը սկսել է խուսափել ուղիղ հարցերին ուղիղ պատասխանելուց՝ հենց նման պատճառաբանություններով: Իսկ համալսարանականները սկսել են ընդվզել, միջանցքից անգամ բվաղել են՝ ամոթ:

Այս մոտեցումն էլ Ռուբեն Մելքոնյանը միանշանակ չի ընդունում, ասում է՝ այդ մարդու հետ հանդիպման ժամանակ առաջին հերթին պետք էր խոսել հարցն իրավական հարթություն տեղափոխելու մասին ու շեշտել փոխհատուցման հարցը: «Չենք ասում եկեք ծափահարենք նրան, ասում ենք՝ ճիշտ հարցեր տվեք»,- պարզաբանում է Մելքոնյանը:

«Այդ հարցերի պատասխաններից պարզ է դառնում, որ Ջեմալ փաշայի թոռը կրում է թուրքական պետական քարոզչության տարրերը, շատ հաճախ նա հայ-թուրքական լոկ փուչ  երկխոսության կողմնակից է, ամեն կերպ խուսափում է փոխհատուցման մասին զրույցներից՝ դիվանագիտորեն նշելով, թե ինքը որպես անձ է գրել այդ գիրքը, ոչ թե որպես Ջեմալ փաշայի թոռ, «ինձ մի կապեք պապիս հետ»,- թուրք լրագրողի խոսքերն է փոխանցում Ռուբեն Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է երեւանյան հանդիպումների կազմակերպմանը, ապա դրանց թուրքագետն ընդամենը մի անուն է տալիս՝ մի քանի կառույցի կողմից դրամաշնորհներ մարսելու քայլ:

Back to top button