Հասարակություն

Ինչպես խուսափել նախատոնական եւ հետտոնական սթրեսից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Տարեվերջին հուզական ապրումները, ֆինանսական խնդիրներն ու ամանորյա պատրաստությունների ցայտնոտը մարդկանց հասցնում են սթրեսի: Հոգեբաններն այս երևույթն անվանում են տարեթվերի ախտանիշ, երբ մարդիկ կամա թե ակամա սկսում են ի մի բերել իրենց անցած ուղին, տարին ու ապրումները:

Անցածը կորցնելու զգացությունն էլ առաջացնում է ոչ միայն տարեվերջյան, այլև ծննդյան սթրես, նկատում է հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Ինչ անել նման սթրեսից խոսափելու համար: Հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկը նշեց, որ ճիշտ պլանավորված գործողությունների արդյունքում կարելի է ոչ միայն խոսափել սթրեսից, այլև ընկղմվել նախատոնական հաճելի հոգսերի մեջ:

«Երբ մենք պլանավորում ենք մեր սպասելիքներն ու նպատակները Ամանորից, պետք է պարզապես վերցնենք թերթիկ ու վրան գրենք, թե ինչ ենք ակնկալու ամանորյա տոներից, ում ենք ցանկանում տեսնել, ինչ տրամադրություն ենք ակնկալում: Ունենալով այդ ցուցակը՝ մենք կխուսափենք ամանորյա սթրեսից: Շատ կարևոր է նաև նվերներ պատրաստելու ճիշտ մեթոդը: Նվեր ընտրելիս պետք է կենտրոնանանք ոչ թե արժեքի վրա, այլ թե ինչ նշանակություն կունենա այդ նվերը դիմացինի համար: Այնինչ՝ մենք չափից շատ ենք խուճապի մատնվում ժամանակի և ֆինանսների սուղ լինելու պատճառով, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է սթրեսի»։

Եթե այս ամենը ամանորյա սթրեսի պատճառ է , ապա ամանորյա մրցակցությունն ու սեղանի լիությունն ապահովելու ցայտնոտը այդ սթրեսի հետևանքն են, նկատում Ռուբեն Պողոսյանը:

Նախատոնականից, ի դեպ, ոչ պակաս կարևոր է նաև հետտոնական սթրեսը ու գուցե ավելի վտանգավոր։ Տոներից հետո մարդիկ հաճախ չգտնելով այն ամենը, ինչին սպասում էին և չտեսնելով սպասված հրաշքը, ընկնում են դատարկության մեջ: Այսպիսով՝ ինչպես նախատոնական, այնպես էլ հետտոնական սթրեսից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս Ամանորն ընկալել իբրև հեքիաթ, մանկության երբեմնի երազանք:

Back to top button