Հասարակություն

Հերթական արտառոց ծնունդը. Նաիրան ու Դավիթը երրորդ անգամ զույգ տղա են ունեցել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

 

Հայաստանյան բուժհաստատությունում՝ «Էրեբունի» հիվանդանոցում, հերթական արտառոց ծնունդն է գրանցվել: Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլը հիացմունքով խոսում էր 52-ամյա մայրիկի մասին, որն այդ տարիքում առաջին անգամ մայրացել էր ու դասվել բացառությունների շարքին: Երջանիկ բացառությունների թիվը համալրել է իջեւանցի երիտասարդ ընտանիքը, որտեղ երրորդ անգամ զույգ երեխա է ծնվում՝ 6-ն էլ տղա:

 

 

Արծրունը, Սահակը, Նորիկը եւ Սարգիսն այսօր իրենց ծնողների հետ որոշում են իրենց մյուս երկու՝ նորածին եղբայրների անունները: Եղբայրները 1 օր առաջ են ծնվել ու իրենց ծնունդով իրենց իսկ ընտանիքին հանրապետության ամենանշանավոր ընտանիքների շարքին են դասել: Այս ընտանիքում Արծրունն ու Սահակը նույնպես երկվորյակներ են, Նորիկը եւ Սարգիսը՝ եւս: 30-ամյա Նաիրա Բաղդասարյանը եւ 39-ամյա Դավիթ Սահակյանը 8.5 տարվա ամուսնական կյանքում երրորդ անգամ զույգ տղա են ունեցել ու հենց նրանց անունները պետք է դեռ որոշեն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն իր 35-ամյա գործունեության ընթացքում այսպիսի դեպք չի հիշում, սա արտառոց դեպք է: Տարիների վիճակագրությունն անգամ այսպիսի դեպքերի մասին լռում է:

Ինչ է սա՝ գենետիկ հակում, թե երջանիկ զուգադիպություն. հետաքրքրվեցի մասնագետից: Թեեւ երեխաների թե հոր, թե մոր գեներում կան զույգ երեխա ունեցողներ, բայց Անդրանիկ Պողոսյանը հակված չէ այս երեւույթը գեներով բացատրել:

Մայրը ուրախ է անչափ, հպարտ, ասում է՝ 6 զինվորի եմ ծնունդ տվել: Երեք երկվորյակների հայրն էլ երջանիկ է, միայն թե՝ նաեւ խիստ մտահոգված: Բազմազավակ ընտանիքների հանդեպ պետության հոգածությունն առավել քան անբավարար է համարում: Իջեւանում՝ սահմանամերձ գոտում, բնակվող գեղեցիկ այս ընտանիքը սեփական տանիքը չունի, սոցիալական որեւէ ծրագրում էլ իրենք չեն տեղավորվել, պահանջները կամ այս, կամ այն պատճառով չեն բավարարել: «Մենք չենք ուզում հեռանալ Հայաստանից, բայց ուր են եւ ում համար են խոստացվող ու հայտարարվող քայլերը: Բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրերին կենսունակություն է պետք հաղորդել»,- մեր իշխանություններին իր հորդորն է փոխանցում 3 զույգ տղաների հայրը:

Որ ընտանիքում աղջիկ չկա, ծնողներին չի տխրեցնում, հակառակ սեռի երեխա ունենալն ապագայի ծրագրերի մեջ են տեղավորում:

Ընտանիքում երրորդ զույգ երեխան ծնվել է Էրեբունի հիվանդանոցում՝ կեսարյան հատմամբ, արժանացել բժիշկների հոգատար վերաբերմունքին: Թե մոր, թե երեխաների ինքնազգացողությունը մասնագետը՝ Անդրանիկ Պողոսյանը, գնահատում է լավ: Հաջորդ հնարավոր՝ չորրորդ կեսարյան հատումը որոշ առումով կարող է ռիսկային լինել երիտասարդ մոր համար, նշում են մասնագետները, բայց երեք զույգերի մայրը հրաժարվել է բժշկական միջամտությունից ու չորրորդ անգամ մայրանալուն էլ դեմ չէ: Աստծո կամոք, ասում է 6 տղաների մայր 30-ամյա Նաիրան: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն ամփոփում է իրենց բուժկենտրոնի տվյալները՝ վերջին տարիներին թե երկվորյակների, թե եռյակների ծնունդների աճ է գրանցվում:

Back to top button