Հասարակություն

ՀՀ վարչապետը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

ՀՀ կառավարության ղեկավարը եղել է նաև Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ hայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին և հարգանքի տուրք մատուցել հայ մեծերի հիշատակին:

Պանթեոնից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում և ներկա գտնվել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի մեր հայրենակիցներին ջերմ ընդունելության համար և կարևորել վիրահայ համայնքի դերը հայ-վրացական բարեկամության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վիրահայերը երկու բարեկամ և հարևան ժողովուրդներին իրար կապող հուսալի կամուրջ են և ամուր ու վստահելի հենարան:

Անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներին` կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման երաշխիք է:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և ՀՀ կառավարությունը անցնող տարիներին բազմաթիվ ծրագրերով աջակցել է վիրահայ համայնքին մշակութային և գիտակրթական միջոցառումների կազմակերպման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: ՀՀ վարչապետը կարևորել է համախմբված և կազմակերպված համայնքի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս պահպանել լեզվամշակութային արժեքները և Սփյուռքի նոր սերնդի մեջ արթուն պահել հայի ինքնությունը: Ամփոփելով ելույթը՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել վիրահայ համայնքին սատար կանգնելու համար:

Հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, Դավթյան ընտանեկան տիկնիկային կենտրոնի տնօրեն Ժաննա Դավթյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Սփյուռքի նախարարության կողմից «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը պարգևատրվել է Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով, Ներսես Շնորհալի մանկական երգչախմբի ղեկավար Մարիա Աբուլյանը՝ «Կոմիտաս» մեդալով:

Վարչապետը նաև շնորհավորել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ և նվիրատվություն կատարել «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի նախակրթարանին:

Այժմ Վրաստանի նախագահի նստավայրում ընթանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:

Back to top button