Հասարակություն

Եթե թանկացումը շարունակվի, տաքսու վարորդները կբարձրացնեն իրենց մատուցած ծառայության գները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարորդների պաշտպանության լիգայի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետք է խոսեին երեկ կառավարության նիստում ընդունված մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման  գործընթացները կարգավորող նոր որոշման մասին: Այսօր, սակայն, նրանք հայտարարել են, որ երեկ իրենց տրանսպորտի ու կապի նախարարությունից  վարորդների կողմից  ներկայացվող առաջարկությունները  քննարկելու նպատակով հրավիրել են գերատեսչություն:

Ընդգծենք, սակայն, որ որոշումն արդեն հաստատված է. այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից տասը օր հետո: Վարորդների պաշտպանության լիգայի Տիգրան Հովհաննիսյանն ու  լիգայի  մյուս անդամները  հրաժարվել են խոսել   մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման  գործընթացները կարգավորող նոր որոշումից: Սակայն, մեկ այլ՝  ոչ պակաս կարևոր խնդրի  են անդրադարձել: Երեկվանից մայրաքաղաքի ավտոգազալիցքավորման կետերում  30-50 դրամով թանկացել է գազը: Վարորդները սկսել են ահազագնել՝ եթե թանկացումը շարունակվի, իրենք անկախ իրենց կամիքց բարձրացնելու են իրենց մատուցած ծառայության գները:

«Կառավարության միջամտությունը շատ հրատապ է, մենք խորհուրդ ենք տալիս և զգուշացնում ենք ՝չենք ուզում, որ ուղևորավարձը թանկանա: Ես վստահ եմ, որ միևնույնն է ժողովուրդը ոտքի է կանգնելու և չի թողնելու, որ ուղևորավարձը թանկանա, դա մեր գրպանին է «խփելու»,  մենք էլ չենք կարողանալու գումար աշխատել, հացի փող վաստակել, որովհետև գազի մեջ արդեն հազար դրամ ավել ենք վճարում»:

Վարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Կարեն Հարությունյանն էլ  հայտարարել է, որ թանկացել է միայն մայրաքաղաքում գտնվող  ավոտգազալիցքավորման կայաններում վաճառվող գազը.«Երևանից մոտ 20-30 կմ հեռավորության վրա գտնվող գազալցակայաններում գազի գինը 150-170 դրամ է: Գազը նույն գնով է ներմուծվում, ոնց կարող են իրենք չթանկացնել, Երևանում թանկացնեն, ինչի Երևանում հարուստներ են ապրում»:

Back to top button