Մշակույթ

Ամփոփվեց Տերտերյան ֆեստը. Հայաստանում կարևորում են ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքը

Դեկտեմբերի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, որը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։  «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից, քանի որ ունի նեղ մասնագիտական ուղղվածություն և բարդ դասական արվեստ է քարոզում»,- ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:«Մենք փորձում ենք ավելի շատ կատարել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները և ակտիվություն ստեղծել այդ մարդկանց շուրջ։ Տերտերյանն ընդունված ու սիրված կոմպոզիտոր է աշխարհում։ Գերմանիայում նրա գործերը հաճախ են կատարվում, իսկ Գերմանիան այն երկրներից է, որտեղ ամենաշատն է գնահատվում դասական երաժշտությունը»։

Սերգեյ Սմբատյանն ընդգծել է նաև այն փաստը, որ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո. «Դա նշանակում է, որ Հայաստան պետությունը կարևորում է ժամանակակից ստեղծագործողների աշխատանքը»։ Դիրիժորը տեղեկացրել է, որ 2015թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կրելու է Էդգար Հովհաննիսյանի անունը։

Փառատոնի փակման արարողությանը տեղի են ունեցել Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։ Ծրագրում հնչել են՝ «Ութ շեփորների կոչնակ», «Փառատոն է» (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։ Ելույթ ռն ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

Նշենք, որ փառատոնի փակման համերգը նվիրված էր հայ անվանի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին։

Back to top button