Այս տարի արձանագրվել է քարաթափման 41, սողանքի 6 դեպք. զոհեր եւ վիրավորներ չեն եղել
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայաստանը սողանքավտանգ երկիր է: Եղանակային փոփոխություններով պայմանավորված հատկապես անձրևների սեզոնին ակտիվանում են նաև քարաթափման դեպքերը։ Խոսելով հանրապետությունում բնական աղետների վիճակագրության, հավանականության և կանխարգելման մասին՝ արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության, աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը նշել է, որ դեռ անցյալ տարի կառավարությունն ընդունել է սողանքային աղետների կառավարման հայեցակարգը, որի շրջանակներում այժմ լուրջ ուսումնասիրություններ ու աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված սողանքների կանխարգելմանը:
Բնության անակնկալներն առավել հաճախակի են դառնում հատկապես եղանակային կտրուկ տատանումների ժամանակ: Հաշվի առնելով նաև մեր աշխարհագրական դիրքը, սողանքներն ու երկրաշարժերը մեր հանրապետությունում դարձել են սովորական երևույթ: Միայն այս տարի սողանքային աղետների վեց դեպք է արձանագրվել, որոնք հիմնականում եղել են ճանապարհների հետ կապված, նշեց արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության, աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:
Նրա տեղեկացմամբ՝ անձրևերով պայմանավորված սեզոնային ակտիվանում են նաև քարաթափման դեպքերը: «Տարվա կտրվածքով մենք ունեցել ենք այդպիսի 41 դեպք: Կարող ենք ասել, որ այսպիսի սողանքային դեպքերից մենք չենք ունեցել զոհեր և վիրավորներ, ինչին հասել ենք կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ»,- ասաց։
Լինելով լեռնային երկիր՝ սողանքները ոչ միայն ճանապարհների վրա են ազդում, այլև շենք-շինությունների, նկատեց նախարարության ներկայացուցիչը: Նա նշեց, որ դեռ անցյալ տարի կառավարությունն ընդունել է սողանքային աղետների կառավարման հայեցակարգ, որի շրջանակներում այս տարի ուսումնասիրվել են հանրապետության ամենավտանգավոր սողանքները։
Հայաստանում, ի դեպ, առաջին անգամ է այդ մակարդակով ուսումնասիրություն կատարվում, որտեղ օգտագործվում է ճապոնական փորձը: Ինչ վերաբերում է սպասվող տեղումնառատ ձմռանը, Հովհաննես Եմիշյանը նշեց, որ նախարարությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում՝ հնարավոր հետրանքները կանխելու համար։ «2004 թվականից հետո խոշոր ջրածածկման գոտիներ մենք չենք ունեցել: Դա ևս կանխարգելիչ միջոցառումների արդյուքն է»։
Նախարարությունը, իհարկե, ունենալով ճգնաժամային կառավարման կենտրոն՝ արձագանքում է բոլոր ահազանգերին, սակայն շատ ավելի ճիշտ կլինի դրանցից խուսափելու համար իրականացնել նախևառաջ կանխարգելիչ միջոցառումներ, իսկ այդ հարցում թերևս նախարարությունը ցանկալի արդյունքի կհասնի միայն ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, նկատեց ԱԻՆ ներկայացուցիչը: