Հասարակություն

Բան Գի Մունն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առիթով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Մարդու իրավունքների օրը մենք բարձրաձայնում ենք մեր կարծիքը: Մենք դատապարտում ենք այն իշխանություններին, որոնք ոտնահարում են որևէ անձի կամ խմբի իրավունքները: Մենք հայտարարում ենք, որ մարդու իրավունքները բոլորիս համար են`մշտապես, ով էլ լինենք, որտեղից էլ լինենք, անկախ մեր դասակարգից, կարծիքներից, սեռական կողմնորոշումից:

Սա անհատական արդարության, սոցիալական կայունության և գլոբալ առաջընթացի հարց է:

ՄԱԿ-ը պաշտպանում է մարդու իրավունքները, որովհետև դա մեր արժանպատիվ առաքելությունն է, և որովհետև տնտեսությունները ծաղկում են ու երկրները խաղաղ են, երբ մարդիկ օգտվում են իրենց իրավունքներից: Մարդու իրավունքների ոտնահարումներն ավելին են, քան սոսկ անձնական ողբերգությունները: Դրանք կոչնակներ են, որ գուցե ահազանգում են շատ ավելի մեծ ճգնաժամի մասին:

ՄԱԿ-ի «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակն է ուշի ուշով հետևել այդ ահազանգերին: Մենք համախմբում ենք ուժերն ի պատասխան ոտնահարումների, քանի դեռ դրանք չեն վերածվել զանգվածային վայրագությունների կամ պատերազմական հանցագործությունների:

Յուրաքանչյուրը կարող է նպաստել անարդարության, անհանդուրժողականության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջխաղացմանը:

Կոչ եմ անում պետություններին՝ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունը հարգել տարվա բոլոր օրերին: Կոչ եմ անում մարդկանց՝ իրենց կառավարություններից պատասխան պահանջել: Եվ կոչ եմ անում հատուկ պաշտպանություն ապահովել իրավապաշտպանների համար, որոնք խիզախորեն ծառայում են մեր ընդհանուր գործին:

Եկե՛ք արձագանքենք իրավազրկվածների ճիչերին և պաշտպանենք մարդկային արժանապատվության իրավունքը՝ բոլորի համար»:

Back to top button