Տնտեսական

Հայկական գինու համտես՝ թագավորական գրադարանում

Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում դեկտեմբերի 8- ին տեղի է ունեցել հայկական գինիների համտես, որը կազմակերպվել էին Արդյունաբերության զարգացման հիմնադրամն ու Զարգացման հայկական գործակալությունը ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչության աջակցությամբ, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից

Միջոցառման նպատակն էր խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինգեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը, ինչպես նաև բացահայտել նոր գործընկերներ:

Հայկական գինիների համտեսին հրավիրված էին  խոշոր առևտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների և ռեստորանային բիզնեսի շուրջ 100 ներկայացուցիչներ, ինչպես նաև գինեգործության ոլորտը լուսաբանող հայտնի լրագրողներ և սոմելիեներ։

Համտեսին ներկայացված էին հայկական գինեգործական ոլորտի 14 ընկերությունների (Զորահ Վայնս, ՄԱՊ, Մարան, Մեծ Սյունիք, Ոսկեվազի գինու գործարան, Արմենիա Վայն, Էդվագ Գրուպ, Անուշ-1, Վայք Գրուպ, Վայն Հաուս, Վան Արդի, Օլդ Բրիջ, Գոլդեն Գրեյփ ԱրմԱս, Սեմինա Քոնսալթինգ) կարմիր և սպիտակ տեսակների լավագույն գինիները: Բացի գինիներից այցելուները կարող էին համտեսել նաև հայկական լավաշը, պանիրը և քաղցրավենիքը։

Համտեսի ընթացքում ներկայացվել է հայկական գինեգործության պատմությունը, հարուստ ավանդույթները և Հայաստանում գինեգործության ներկա վիճակը: Հայկական գինիների վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ոլորտում հայտնի սոմելիեները։

Back to top button