Հասարակություն

Սանկտ- Պետերբուրգի պատվիրակությունը 2015- ի ապրիլին կլինի Երեւանում

«Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Առանձնակի կարևոր ու ողջունելի է նաև, որ Սանկտ Պետերբուրգի և Երևանի բարեկամական կապերի համատեքստում մեծ կշիռ ունի մշակութային բաղադրիչը, ինչն անշուշտ կարևոր է մշակութային հարուստ ժառանգություն ու ավանդույթներ ունեցող քաղաքների համար», — ընդգծել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ։

Իր հերթին Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկները և նախաձեռնությունները:

«Երևանի և Սանկտ Պետերբուրգի  փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և, հաշվի առնելով, որ աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես եղել է նկատելի ու արդյունավետ, և այս տարի, ըստ էության, լրանում է եռամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ, այն թարմացնենք և արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք հնգամյա ժամկետով: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է համապատասխան օղակների պատասխանատուներին՝ Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Ես համոզված եմ, որ համագործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվելու Երևանում:

Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ իրենց կողմից ևս արդեն իսկ աշխատանքներ տարվում են նոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ, և վստահեցրել է, որ 2015թ.-ի ապրիլին Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվելու ժամանակ էլ կստորագրվի հնգամյա համագործակցության համաձայնագիրը:

Back to top button