Հասարակություն

Սեւանում այսօրվանից արգելվում է որսը. բնապահպաններն արդյունքներ չեն ակնկալում

Լիանա Եղիազարյան
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօրվանից արգելվում է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:Բնապահպանության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանով՝ սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Ստորագրվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում համատեղ միջոցառումների ծրագիրը:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարված էր մինչեւ այսօր դուրս բերել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցները, նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, պետք է շրջիկ հսկողություն իրականացվի Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպվեն ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով բնապահպանության նախարարության, մարզային ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Բնապահպանության նախարարությունը հիմնավորում է՝ այս ժամանակահատվածը ձկների բնական վերարտադրության շրջանն է: Բայց, նկատենք, այս միջոցառումն իրականացվում է Ամանորի նախաշեմին, այսինքն՝ պետք է կանխի նաեւ տոնական շրջանում Սեւանա լճից որսագողության հնարավոր ավելացումը:

Բայց իրականացվելիք միջոցառումների արդյունքների հարցում բնապահպաններն ու հայ գիտնականները նույնքան լավատես չեն, որքան դրա իրականացնողները:

 

Back to top button