Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայում Հայաստանի դեսպանների հետ

Փարիզում երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրել է եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել հունիսին Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները, նախօրեին Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները և համապատասխան հանձնարարականներ տվեց՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման օրակարգում է եղել ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։

Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկել են արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Back to top button