Տնտեսական

Մեկնարկել է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

«Այսօր համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը՝ հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովում։

Աշխատաժողովն այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով:

«Պետք է մեծ գոհունակությամբ նշեմ, որ բոլոր միջոցառումները, որոնք «ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը, ի ուրախություն մեր բոլորի, կատարված են: Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:

Մասնավորապես, անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանն այն նոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Դրան էլ նվիրված է մեր  այսօրվա միջոցառումը:

Կցանկանայի հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի, այսինքն՝ «ճանապարհային քարտեզի» մշակման և իրականացման ուղղությամբ այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ համատեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք:

Կցանկանայի նաև ընդգծել տիկին Վալովայայի անձնական մեծ ներդրումն այս աշխատանքների իրականացման գործում:

Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին՝ տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման առումով»,- ասել է Հովիկ Աբրահամյան։

Back to top button