Քաղաքական

ԵՏՄ քվեարկությունում միայնակ մնացած «Ժառանգությունը» դեռ եռյակում է

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ «դեմ» կողմնորոշմամբ  միայնակ մնացած «Ժառանգությունը»  դեռ չի պատրաստվում դուրս գալ եռյակից: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարում  է, առայժմ  մնում են եւ շարունակում են աշխատել «եռկայ» ձեւաչափում, թեեւ ակնարկում է, որ խորհրդարանական ձեւաչափով աշխատանքն ավելի արդյունավետ էր, քան՝ կուսակցական ձեւաչափը՝ քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ:

«Եթե եռյակի քաղաքական ուժերի որեւէ մեկի ղեկավարը ձգտի, որպեսզի այդ եռակողմ հանդիպումները չկայանան, ուրեմն տվյալ ղեկավարը բոլորովին այլ խնդիր է հետապնդում այս համաժողովրդական շարժման կազմում եւ եռյակում»,- ԱԺ այսօրվա ճեպազրույցներում այսօր հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը։

Այս հայտարարությանն արձագանքեցին ԲՀԿ-ից:  Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը մեղմեցին գործընկերոջ ասածում եղած երանգները՝ ինչի՞ց է դա երեւում, որ դա Գագիկ Ծառուկյանի մասին է։

«Եթե ղեկավարները չեն հանդիպել, նրանց ներկայացուիցիչները հանդիպեն, վեր քաշեն հարցերը եւ օրակարգում քննարկվի: Այնպես որ որեւէ խնդիր մենք չենք տեսնում, ամեն ինչ այս առումով նորմալ է»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Համագործակցությունը՝ համագործակցություն, բայց եռյակում միասնական որոշում այդպես էլ չեղավ «Ժառանգության» հրավիրած քաղաքացիական ժողովին մասնակցելու մասին: Ցանկացողները կարող են մասնակցել: Բայց ԲՀԿ-ի, այսպես ասենք, առաջատար պատգամավորների ծրագրերն ի սկզբանե այլ էին՝ նրանք հայտարարեցին, որ զբաղված են լինելու։

Back to top button