ԿարևորՏնտեսական

Սերժ Սարգսյան.«Վերջին 20 տարիներին ՀՀ տնտեսության առաջընթացն ակնհայտ է»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության 7-րդ համագումարը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարում ունեցած ելույթում երկրի ղեկավարն արձանագրել է, որ վերջին 20 տարիներին Հայաստանի տնտեսության առաջընթացն ակնհայտ է, իսկ Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունը արտադրողականության եւ ներդրումների աճն է, արտահանման նոր շուկաների որոնումը: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ դրական միտումները պետք է ամրապնդել, ինչը շատ առումով կախված է նաեւ գործարարներից:

 

 

Հայաստանի տնտեսական զարգացման անցած գործընթացները, զուգահեռներ ներկայի եւ անցած տնտեսական զարգացման ճանապարհի միջեւ, գոյություն ունեցող մարտահրավերներն ու օբյեկտիվ իրականությունը, որում Հայաստանը հայտնվել է, հեռանկարներն ու անելիքները: Սրանք, այսպես ասենք, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական շեշտադրումներն էին:

Նախագահը շեշտեց, որ 2015թ. ՀՆԱ-ում արդյունաբերության ակնկալվող ցուցանիշը կկազմի մոտ 17%: Աճում է նաեւ տնտեսության մոնետարացումը՝ 2014թ. հասնելով 38%-ի: Առաջընթաց են ապահովում նաեւ մյուս մակրոտնտեսական ցուցանիշները. 2014թ. Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցել է 23%-ը, բյուջեն մոտեցել է 3 մլրդ դոլարի:

«Այդ դրական միտումները պետք է ամրապնդել: Սա շատ առումով կախված է նաեւ ձեզանից, հարգելի գործարարներ: Ուստի ցանկանում եմ ձեզ հաջողություն մեր տնտեսության բարօրության ուղղված ձեր աշխատանքներում»:

Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ չնայած այսօր Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու կարիք կա, սակայն, Հայաստանն այսօր ունի տնտեսություն, որը հարևան երկրների տնտեսությունների հետ համեմատած ավելի մրցունակ է, ավելի ճարպիկ է ու ավելի հավակնոտ:

Անդրադառնալով փոխարժեքի տատանումներին ՀԳԱՄ նախագահը շեշտեց, որ այս դաշտում կատարվածը բոլորին է  մտահոգում, ապա մատնանշելով ԿԲ ներկայացուցչի հայտարարությունն ու  սպեկուլյատիվ գործունեություն չիրականացնելու կոչը՝ նախագահին առաջարկեց նման դեպքերը պատժել, քանի որ դրանց հետևանքով տնտեսական զարգացման տեմպն է ընկնում:

Back to top button