Հասարակություն

Սուրբծննդյան տոնավաճառի հասույթը կտրամադրվի Գորիսի գործազուրկ կանանց

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Երևանի միջազգային կանանց միավորման կազմակերպած ամենամյա տոնավաճառի հասույթն այս տարի կտրամադրվի Գորիսի գործազուրկ կանանց: Տոնավաճառը կմեկնարկի վաղը Երևանի նկարիչների միությունում:

 

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10-ին Երևանի նկարիչների միությունում կմեկնարկի Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը: Կազմակերպիչն է Երևանի  միջազգային  կանանց միավորումը, որը համախմբում է տեղացի ու արտասահմանցի կանանց: 2012 թվականին հիմնադրված այս կազմակերպության ծրագրերն ուղղված են երեխաների ու կանանց պայմանների բարելավմանը: Միավորման կազմակերպած ամենամյա տոնավաճառի հասույթն այս տարի կտրամադրվի Գորիսի գործազուրկ կանանց:

Տոնավաճառի ընթացքում  հավաքված միջոցնները կազմակերպությունը կուղղորդի Գորիսի և հարակից գյուղերի  կանանց ու երեխաների կյանքը բարելավելուն, հոգսերը թեթևացնելուն:  Նախաձեռնության հիմնական նպատակն է Շինուհայր գյուղի բրդի արտադրամսի վերանորոգումը, ինչի արդյունքում կանանց համար  կստեղծվեն աշխատատեղեր: Երևանի միջազգային կանանց միավորումը կգնի 20 ճախարակ, կանանց հմար կկազմակերպի դասընթացներ՝ բուրդը մանելու և ստացված թելով գորգեր գործելու հմտությունները փոխանցելու նպատակով: «20 գործազուրկ կանայք այս գումարով հնարավորություն կունենան աշխատել ու աջակցել իրենց ընտանիքներին»,-ասում է կազկակերպության նախագահը:

Հավելենք, որ կանանց միավորման բարեգործական ծրագրերին աջակցում են Հայաստանում գործող բազմաթիվ դեսպանություններ:

Back to top button