ԿարևորՏնտեսական

Բանկային համակարգի կայունությունը ապահովված է, վստահեցրել է Ներսես Երիցյանը

լրացված ժամը 16.10-ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

 

Տարադրամի շուկայում տեղի ունեցող տատանումներին ու լարվածությանն այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով անդրադարձել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, ով վստահեցրել է, որ բանկային համակարգի կայունությունը ապահովված է, բանկերը ունեն դոլարային մեծ իրացվելիություն: ԿԲ գնահատմամբ, գների կայունության հետ կապված գների ռիսկերի զարգացումներ չեն տեսնում, այս տարի այն կլինի 4 տոկոսի շրջանակներում, հաջորդ տարի՝ կտատանվի 4 պլյուս մինուսի սահմաններում: ԿԲ փոխնախագահը հիշեցրել է է, որ միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում նաև արժուային շուկայի մեծ տատանումները հանգեցրել են դրամի արժեզրկմանը, և ձևավորված որոշակի սպադսումների ներքո հանգեցրել են փոխարժեքի տատանողականության աճին: ԿԲ պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի տատանումները, ապահովելու ֆինանսական կայունություն:

«ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը եւ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնենք շուկայում իրավիճակը եւ գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր միջոցները եւ գործիքները, այդ թվում շուկայում իրացվելիության, լոմբարդային գործիքների միջոցով , եւ արժութային շուկայում տարբեր միջամություներ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարենք: Բայց այդ ինչը դրսի շուկայով է պայմանավորված, այդ ճշգրտումները բնականաբար պետք է իրենց տեղը գտնեն», հայտարարեց Ներսես Երիցյանը:

ԿԲ պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի արհեստական տանանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը: Համեմամտությամբ ասեմ, որ մեր պահուստային ֆոնդերը համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին, այդ իմաստով որեւիցե խնդիր չենք տեսնում: Բացի այդ նաեւ ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի հետ կապված, եւ դրանց գործառույթների, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով, բանկերն արդեն իսկ մեծ եւ ակտիվներ եւ պարտավորությունները դոլարացված են, եւ բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն եւ կանխիկ եւ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, եւ այդ իմաստով բանկերը կարող են սպասարկել մեր քաղաքացիների պահանջները»:

Անդրադառնալով գնային փոփոխություններին Երիցյանն ասաց, թե ԿԲ-ի գնահատմամբ գների կայունացման իմաստով նույնպես ռիսկային զարգացումներ իրենք չեն տեսնում, եւ այս ու հաջորդ տարի գնաճը կգտնվի նպատակային շեմի շուրջ, տատանումների միջակայքում: Այս տարի գնաճն ըստ Երիցյանի կլինի չորս տոկոս:

Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին կառավարության հաջորդ նիստում ներկայացնել շուկայում ընթացող ապրանքների գնաճը:«Որովհետեւ դուք ներկայացրել եք մեկ անգամ, ես դրան ծանոթ եմ մոտ հինգ տոկոսի շրջակայքում կա գնաճ, բայց նաեւ հասարակության մեջ կա կարծիք, որ դա տասից տասնհինգ տոկոս է, եւ որպեսզի փարատենք այդ կասկածները ես խնդրում եմ հաջորդ կառավարության նիստում ներկայացնել այս տասն օրվա ապրանքների գների աճը», ասաց կառավարության ղեկավարը:

Կառավարության որոշմամբ, աջակցություն կստանան նաև  ՀՀ-ում  2010-2014 թթ ցորենի սերմնաբուծության ու սերմարտադրության զարգացման ծրագրում  2011թ ընդգրկված  103 շահառուներն, ովքեր  չեն կարողացել ապահովել աշնանացան ցորենի առաջին վերատրադության սերմացուի վերադարձը:

Հիշեցնենք, նույն այս շահառուները տարիներ շարունակ դատական տարբեր ատյաններում քաշքշուկների մեջ են հայտնվել, քանի որ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները:  Նրանց աջակցությունը   պայմանավորված է բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, ստացած էլիտային վերարտադրության յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի վճարման համար սահմանվեց  200 դրամ, ներկայիս պայմանագրով նրանք պետք է վճարեին  420 դրամ , շահառուների հետ կկնքվի  ընդհանուր գումարի վճարման 4 տարվա ժամանակացույց՝  յուրա­քանչյուր տարվա համար սահմանելով 25% և վճարման ժամկետ մինչև դեկտեմբերի 25-ը։

Դատական վարույթում գտնվող շահառուների հետ հաշտության համաձայնագիր կկնքվի, դատական բոլոր ատյանների ծախսերի վճարումն էլ կկատարի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Մինչ այդ, սակայն, շահառուների հետ մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը պայմանագիր կկնքվի:

Նոյեմբերի 28-ին Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում գրանցված թունավորման հետևանքով մինչ այսօր 86 երեխա է հոսպիտալացվել: Այս մասին այսօր կառավարության նիստից եհտո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նաև տեղեկացրել է, որ  երեխաների մեծ մասը դուրս է գրվել , այժմ հիվանդանոցում են գտնվում 8 երեխա և 4 մեծահասակ՝  մանկապարտեզի աշխատակիցներ ու երեխաների ծնողներից մեկը: Երեխաները հոսպիտալացվել են դիզինտերիա հիվանդության պատճառով: Թե ինչի է վարակն առաջացել, կպարզի համապատասխան հետազոտությունը: Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ  առողջապահության նախարարի՝ 2013թ օգոսոտսի մեկի հրամանով նախադպրոցական հաստատություններում արգելված է երշիկեղեն օգտագործելը:

Back to top button