Հասարակություն

Այսօր կառավարությունում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր հինգշաբթի է, կառավարության հերթական նիստի օրը: Փոխվարչապետի ու միջազգյաին տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում այսօր առաջին անգամ կառավարության նիստին կմասնակցի Վաչե Գաբրիելյանը, նույն նիստին տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում էլ՝ Արմեն Երիցյանը:

2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կհամարվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը

Եվ այսպես, օրակարգային առաջին հարցով, 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերին հանգստանալու համար հանրապետությունում աշխատանքային օրեր են համարվելու 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը:

Կոնդ թաղամասի անավարտ շինության կառուցապատումը կիրականացնի ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-­ը

Երևանի Կոնդ թաղամասի Պարոնյան հ.42/1 հասցեում առկա անավարտ շինության կառուցապատումը կիրականացնի ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ­ը` որպես «Ի ԵՄ ՍԻ» ՓԲԸ-­ի կառուցապատողի գործակալ: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նախագծի ընդունումը պայմանավորված է Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքների ավարտման և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ սույն որշման նախագիծը հանդիսանում է ՀՀ Կառավարության նոյեմբերի 6­-ի որոշմամբ սահմանված նախապատրաստական միջոցառումների շարունակությունը՝ Կոնդի իրացված հատվածի բնակիչների բնակարանային ապահովման համար կառուցապատման վերսկսման խնդրի լուծման նպատակով:

Հերթական վարկային ծրագրի նախագծին այսօր հավանություն կտրվի

Հերթական վարկային ծրագրի նախագծին այսօր հավանություն կտրվի կառավարության նիստի ժամանակ: «ՀՀ և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի արժեքը կազմում է 75 մլն եվրո: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում` «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով): Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: Ծրագրի ֆինանսավորման նպատակով KFW բանկը տրամադրում է 85.2 մլն եվրո վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.5 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

Կառավարությունն այսօր վաղաժամ կադադարեցնի Վայքի քաղաքապետի լիազորությունները

Կառավարությունն այսօր նաև վաղաժամ կադադարեցնի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի լիազորությունները: Հիշեցնենք, Վայքի նախկին քաղաքապետն այս տարվա նոյեմբերի 6-ին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է այժմ զբաղեցնում: Ի դեպ, տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում սա նախարար Արմեն Երիցյանի առաջին նախագիծն է, որը նա ներկայացնելու է կառավարության նիստում: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ընտրատարածքում կանցկացվի լ քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն կառանձնացվի տարածքային կառավարման նախարարությունից ու կմիացվի գյուղատնտեսության նախարարությանը

Կառավարության որոշմամբ, հերթական կառուցվածքային փոփոխություններն այսօր տեղի կունենան: Ջրային տնտեսության պետական կոմիտեն կառանձնացվի տարածքային կառավարման նախարարությունից ու կմիացվի գյուղատնտեսության նախարարությանը: Նախագիծը քիչ առաջ է ընդգրկվել նիստի օրակարգ: Այն ներկայացնելու է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: «Որոշման նախագծի ընդունման նպատակը` ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության լիարժեք իրականացման ապահովումն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում»,- նշված է նախագծի հինավորման մեջ: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
 Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կհետաձգվի մեկ տարով
Բացի այդ, կառավարությունը հանդես է գալու օրեսնդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից կհետաձգվի մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելու նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ և ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ի սահուն ներդրման գործընթաց:
Back to top button