Հասարակություն

Օրերս նշվեց ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի 105-րդ տարեդարձը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մանկավարժ, ծագումով վանեցի: Օրերս նշվեց հայտնի  մտավորական, ինպես շատերն էրն նրան անվանում՝ մեծ վանեցու՝  Վարազդատ Հարությունյանի 105-րդ տարեդարձը: Բնականաբար նա այլևս մեզ հետ չէ, բայց Ռադիոլուրն իր արխվում սիրով պահպանում է կյանքի հետաքրքիր ոդիսականով, հրաշալի մարդու և մտավորականի հետ տարիներ առաջ արված հարցազրույցը: «Հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, մեր այգին, իմ հարազատներին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքիվ , ստիպված եղանք գաղթել: Անցել եմ գաղթի մահացու ճանապարհներով»,-Ռադիոլուրի հետ զրույցում պատմել էր Վարազդատ Հարությունյանը:

 

 

Հայաստանի հուշարձանների կոմիտեն ավելի քան քառասուն տարի ղեկավարած Վարազդատ Հարությունյանն ընդամենը վեց տարեկան էր, երբ Վանում ու Վասպուրականում սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը: Ապրում էր Վանի Այգեստան թաղամասի Չաղլիփողան կոչվող փողոցում: «Գարուն էր, ապրիլ ամիսը, նրանց հրաշալի այգու  բոլոր ծառերը ծաղկել էին, իսկ երեխաներին բանտարկել էի տներում, որովհետև կռիվ էր»:

Վանեցիները 1915 թվականի մայիսի  երեքին հասան հաղթանակի և այն ամրապնդեցին, երբ քաղաք ժամանեցին հայ կամավորական ջոկատներն ու ռուսական զորամասը:  Ցավոք, կարճ տևեց ցնծությունը, պատճառը ռուսական զորամասի նահանջն էր: Վանեցիները ստիպված բռնեցին գաղթի մահաբեր ճանապարհը: Հարությունյանների ընտանիքը սարսափելի տառապանքներով  հասնում է Վաղարշապատ: Այն ինչ վացամյա տղան տեսել է այստեղ, ողջ կյանքում դաջվել է հիշողության մեջ: Բազմահազար գաղթականներով լեցուն էր Մայրվանքի բակն ու շրջակա տարածքը: Մոլեգնում էին տիֆն ու խոլերան: Ամեն օր հարյուրավոր դիակներ սայլերին բարձած տանում էին բաց դաշտերում թաղելու:

Հայրը՝ դերձակ Մարտիրոսը, որը գաղթի ընթացքում անդամագրվել էր կամավորականների ջոկատին, Վաղարշապատի գաղթականների մեջ գտնում է իր մասնատված ընտանիքի անդամներին ու նրանց փոխադրում Թիֆլիս: 1915-ի հոկտեմբերին  Վարազդատի հայրը վախճանվում է:

1920 թվականին 9 հոգուց բաղկացած ընտանիքից մնացել էին երեքը՝ մայրը , Վարազդատը և նրա եղբայրը: Նրանց ընտանեկան գերեզմանոցում տեղադրվեց մի կոթող՝ հետևյալ մակագրությամբ.«Կոթողս հիշատակ է անշիրիմ մեր հարազատներ Մարտիրոս, Արաքսի, Աղասի, Սիրանույշ, Գուրգեն և Արփենիկ Տեր Հարությունյանների, Փանոս և Բաբկեն Քանքանյանների: Մեծերը վախճանվեցին կարոտը սրտներում, բայց հաջորդ սերունդը, որին պատկանում էր նաև զրուցակիցս, հետագայում փորձեց այցելել հայրենի տեղերը:

1990-ականներին, երբ հայ-թուրքական սահմանը բացվեց, Վասպուրական հայրենակցական միությունը, որի նախագահն էր հենց ինքը՝ Վարազդատ Հարությունյանը, կազմակերպեց ուղևորություն դեպի Վան Վասպուրական: 30 հոգուց կազմված խմբում Վանում ծնվածը միայն Վարազդատ Հարությունյանն էր, մյուսները ժառանգներ էին:

Back to top button