«2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը: Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին համաձայն հաստատված շփման գծի շրջակայքում: Սակայն, ուղղաթիռի վթարի վայրը մոտ 10 օր գտնվում էր ադրբեջանական կողմի մշտական կրակի տակ, ինչը հնարավորություն չէր տալիս տեղահանել զոհվածների դիերը: Վթարի վայրին չէին թույլատրում մոտենալ նույնիսկ միջազգային Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին»,- այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։
«Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նման լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին: Սույն տարվա օգոստոսին
Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական
գործողությունների, Ռուսաստանի Նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից։
Անպատժելիության զգացումը եւ պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»,- ասել է Գալուստ Սահակյանը։