Հասարակություն

Գերակա շահի հերթական զոհերը. ի՞նչ է կառուցվելու Տերյան 23-25, Լալայանց 37-ում բնակելի շենքերի փոխարեն

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

 

Դեռևս չի հանդարտվել Աֆրիկյանների շենքի շուրջ առաջացած աղմուկը, առաջանում է մեկ ուրիշը:  Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը կառավարության որոշմամբ ենթակա են քանդման ու դարձյալ բազմաթիվ բնակիչներ, ովքեր կանգնած են փաստի առաջ:  Այդ  շենքերի բնակիչները պայքարելու են մինչև վերջ:  «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամներ Վարդան Գերավետյանը, Գրիգոր Ղազարյանը և նկարիչ Վարդան Գաբրիելյանն այսօր խոսելով խնդրի մասին՝ նշել են, որ մեկ անգամ չէ, որ դիմել ենք քաղաքապետարան, պարզելու, թե ինչ է կառուցվելու այդ հատվածում: Իրենց պատասխանել են, որ դեռևս հաստատված նախագիծ չկա: Ութերորդ տարին է, կառավարությունը չգիտի՝ ինչ է կառուցելու այդտեղ, բայց բացառիկ գերակա շահ է ճանաչվել, նշել է Վարդան Գերավետյանը:

 

 

Երևանի ցանկացած հին շենքում բնակվող քաղաքացիները կարող են ցանկացած օր ստանալ ծանուցում, որ իրենց շենքը կառավարության համապատասխան որոշման համաձայն ենթակա է քանդման: Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը արդեն ութ տարի է ճանաչվել են հանրային բառացիկ գերակա շահ ու կառավարությունը որոշում է ընդունել քանդել այդ շենքերը:

Բնակիչներն այսօր կանգնել են փաստի առաջ և չգիտեն այլևս ում դիմեն՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Նրանց իհարկե առաջարկվել են տարբերակներ, կամ տեղափոխվել նորակառույց այլ շենք, կամ էլ ինքնակամ վաճառել բնակարանները 1 քմ-800 դոլարով, այն էլ բացառապես «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի հիմնադիրը Սամվել Մայրապետյանն է: Բնակիչները բնականաբար չեն համաձայնել ոչ մեկին, ոչ էլ մյուսին: Բայց ամենահետաքրքիրն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ բացի այս 2 տարբերակներից, բնակիչներին ընտրության այլ հնարավորություն չեն էլ պատրաստվում ընձեռել, նշեց քանդման ենթակա շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամները  մեկ անգամ չէ, որ դիմել ենք քաղաքապետարան, պարզելու, թե ինչ է կառուցվելու այդ հատվածում: Իրենց պատասխանել են, որ դեռևս հաստատված նախագիծ չկա: Փաստորեն՝ ութերորդ տարին է, կառավարությունը չգիտի՝ ինչ է կառուցելու այդտեղ, բայց բացառիկ գերակա շահ է ճանաչվել: Այս ամբողջ ժամանակահատվածում կառուցապատողն անգամ չի ներկայացել և բնակիչների հետ չի հանդիպել, որ խոսեն ու գուցե ընդհանուր հայտարարի գան, նկատեց բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը:

Նշենք, այդ շենքերում կա 54 բնակարան, սակայն, միայն 22 բնակարանում է մարդ ապրում: Բնակիչներից ութ հոգի արդեն Դատական Ակտերի Հարկադիր Կատարումից ստացել են համապատասխան որոշումներ, որոնցով արգելվել է տվյալ բնակիչներին վաճառել իրենց բնակարանները այլ գնորդների:

Ի դեպ մենք կապվեցինք նաև ԴԱՀԿ-ի հետ, որտեղից մեզ խոստացան պարզաբանում տալ ավելի ուշ: Ռադիոլուրը առաջիկա օրերին կներկայացնի նաև ԴԱՀԿ-ի մեկնաբանությունը: Դե իսկ բնակիչները խոստանում են պայքարել մինչև վերջ: Կհասնեն հաջողության անգամ կյանքի գնով:

Back to top button