Հոգնած, պառաված Եվրոպա- տատիկին մեծ գաղափարները չեն ոգեւորում, ասել է Հռոմի պապը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ մնացած աշխարհը Եվրոպային նայում է որպես «ծերացած եւ ինքնամփոփ» մայրցամաիք, հայտնում է Բի Բի Սի- ն։
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում իր ելույթում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը նշել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Եվրոպան գնալով ավելի քիչ դերակատարություն է ունենում աշխարհում, որին հաճախ նայում է կողքից, երբեմն նաեւ կասկածամտորեն։
Հովվապետը Եվրոպային հորդորել է հիշել իր նախկին էներգիան, քանի որ այն այժմ նմանվում է «հոգնած, պառաված Եվրոպա- տատիկի»։
«Մեծ գաղափարները, որոնք նախկինում ոգեւորում էին Եվրոպային, ըստ երեւույթին, այլեւս գրավիչ չեն, դրանց փոխարինել են ինստիտուտների բյուրոկրատական ընթացակարգերը»։
Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որն այցելում է Ստրասբուրգ։ 1988- ին այստեղ Եվրախորհրդարանի առաջ ելույթ էր ունեցել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը։ Այն ժամանակ հովվապետը Եվրոպան կոչել էր «քաղաքակրթության փարոս»։