ԿարևորՀասարակություն

ՄԻ- 24 ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյուններն ամփոփվեցին Եռաբլուր պանթեոնում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Եռաբլուր զինվորական օպանթեոնում այսօր տեղի է ունեցել  Ադրբեջանի կողմից  խոցված  ուսումնավարժական  ուղղաթիռի  օդաչուների  հուղարկավորությունը՝ զինվորական արարողակարգով: Օդաչուների աճյունները Եռաբլուր են տեղափոխվել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել նրանց հոգեհանգստի արարողությունը:

Մենք հաստատակամ ենք հայրենիք վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի ազատության ճանապարհին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընդամենը օրեր առաջ արված այս հայտարարությունն  առաջին հերթին վերաբերում էին  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի  միջդիրքային տարածքում գտնվող մեր երեք օդաչունների աճյուններին:

Հիշեցնենք, որ բանականության բոլոր դրսևորումներից վերջնականապես զրկված մեր հակառակորդը, նոյեմբերի 12-ին խոցելով զորավարժություններ իրականացնող հայկական ուղղաթիռը, օրեր շարունակ խոչընդոռում էր տղաների աճյունների դուրսբերումը  միջդիրքային տարածությունից: Այս ուղղությամբ միջազգային կառույցների բոլոր ջանքերն ապարդյուն էին, ուստի հայկական զինվածը ուժերը պարտադրված էին դիմել հատուկ գործողությունների:  Փայլուն իրականացված  գործողության արդյունքում տղաների աճյունները տեղափոխվեցին Հայաստան:

«Նոյեմբերի 22-ը  դարձավ այդ հաստատակամության առհավատչյան և, խոնարհվելով մեր զոհված օդաչուների հիշատակի առջև, միաժամանակ  երախտագիտությունս եմ հայտնում աճյունների փրկության նպատակով իրականացված հատուկ գործողության բոլոր մասնակիցներին: Մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի զոհվելը  արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանակնությունից ու սեփական ժողովրդի դեմ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսևորումն էր»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ պաշտպաության նախարարի՝ 2014 -ը դժվարին տարի էր: Դեռևս հունվարի 20-ից սկսած Ադրբեջանի դավադիր գործողություների շարունակությունն էր նաև հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը: Ամեն անգամ հայկական ԶՈՒ-ից արժանի հակահարված ու դառը դաս ստանալով՝ Ադրբեջանը, սակայն, համապատասխան հետևություններ չի անում: «Հակառակորդն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար ու իր ժողովրդին դեռ պատասխան պիտի տա սեփական բանակի կորուստների համար, որոնք կարող էին և չլինել»,- Եռաբլուրում ներկաներին ուղղված իր խոսքում նշեց պաշտպանության նախարարը։

Հավելենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով: Մեդալներն այսօր զոհվածների հարազատներին հանձնեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

Back to top button