Քաղաքական

Լեհաստանը ցանկանում է, որ ՀՀ և ԵՄ սերտորեն համագործակցեն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն է այսօր Մամուլի ազգային ակումբում ամփոփել Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝  դեսպանը շեշտել է, թե ԵՄ-ի հետ ասոցացման երկխոսությունը դեռ շարունակվում և շարունակվելու է, պարզապես հիմա պետք է գտնել երկխոսության և համագործակցության նոր ձևեր։

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին կարծում է, որ ԵՄ  նոր հանձնաժողովը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները լինեն բարձր մակարդակի և արտոնյալ։

«Ես ավելի զգույշ կլինեի գնահատական տալիս, եթե խոսքը վերաբերոում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրա մաս է կազմում, իհարկե, երկկողմ հարաբերությունները: Չեմ թաքցնում, որ այս հինգ տարիների ընթացում ես հույս ունեի, որ Հայաստանը կդառնա ԵՄ ասոցացված երկիր: Այդ երկխոսությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ դեռ շարունակվում և շարունակվելու է, պարզապես հիմա պետք է գտնենք այդ երկխոսության և համագործակցության նոր ձևը»:

Դեսպանը հայտարարեց, թե  Արևելյան գործընկերության շարժիչ ուժերից մեկը եղած Լեհաստանը ցանկանում է, որ ՀՀ-ն և ԵՄ-ն սերտորեն համագործակցեն։ Դրա ջատագովն է Լեհաստանը:

«Ես համոզված եմ, որ ԵՄ նոր հանձնաժողովը և ԵՄ նորանշանակ նախագահը՝ Լեհաստանի նախկին վարչապետը, կաշխատեն այն ուղղությամբ, որ ՀՀ-ի և ԵՄ հարաբերությունները լինեն բարձր մակարդակի և արտոնյալ»:

ԵՄ-ին Հայաստանի ասոցացումը ավելի լայն ճանապարհ էր բացում Հայաստանի ներքին մոդեռնիզացիայի և բարեփոխումների համար՝ համոզմունք հայտնեց Զդիսլավ Ռաչինսկին:

Խոսելով իր դեսպանության անցած 5 տարիների արդյունքի մասին՝ բանախոսը նշեց, որ այդ ընթացքում որակական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում եւ որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանը Լեհաստանի համար ավելի ընկալելի և պարզ է դարձել, իսկ Հայաստանի համար շատ կարևոր հարցերում ավելի ընկալելի ու ըմբռնելի է դարձել Լեհաստանի ունեցած դիրքորոշումը:

Back to top button