Քաղաքական

Արցախը մարտավարական հնարք է որակում ադրբեջանական հերքումը

ԼՀՂ ՊԲ- ն հակադարձել է Ադրբեջանի ՊՆ՝ հայկական կողմի իրականացրած հատուկ գործողությունը հերքող հայտարարությանը։

«Անդրադառնալով նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ, երեկ ունեցած սեփական կորուստների փաստը։

Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ՝ դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգով հավելենք,որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին։

Դե ինչ՝ սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը»,- ասված է ԼՊՀ ՊԲ հայտարարության մեջ։

Back to top button