Վրաստանի հայ «Կարուզոյի» առօրյան ու բեմ դուրս գալու նրա չմարած հույսը
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Վրացական «Տաղանդներ» երաժշտական նախագծում (Հայաստանում հեռարձակվող «X Ֆակտոր» նախագծի տարբերակը) ժյուրիին ու հանդիսատեսին իր օպերային կատարմամբ ցնցած թբիլիսահայ տաքսիստը շարունակում է տաքսի վարել: Սակայն ամեն օր աշխատանքի է դուրս գալիս հույսով, որ իրեն նկատած կլինեն ու երգելու առաջարկ կանեն: Գևորգ Պետրոսյանը, ում ընկերները «Կարուզո» են անվանում, հիանալի ձայնային տվյալներ ունի, սակայն տասը տարի զրկված էր երգելու իրավունքից:
Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում գրեթե բոլորը գիտեն տաքսիստ Գևորգ Պետրոսյանին: 38-ամյա երիտասարդին այստեղ «Կարուզո» են անվանում` հայտնի իտալացի տենորի պատվին: «Կարուզո» ուղևոր ունես, հասցրու Հավլաբար, բայց կերգես ճանապարհին»,- կատակով հանձնարարում էին տաքսիստ ընկերները, երբ Գևորգին հանդիպեցի քաղաքի հին թաղամասում: Ինքը` Գևորգը պատմեց, որ սիրով է երգում իր ուղևորների համար.
«Իհարկե, ես սիրում եմ երգել, եթե մարդու մոտ տաքսի վարելն է լավ ստացվում, պետք է վարի, եթե կարողանում է լավ երգել, պետք է երգի… ես սիրում եմ երգը, որովհետև դա գեղեցիկ է, իսկ Աստծո տված գեղեցիկը չի կարող չգնահատվել: Ուղևորներս ուրախանում են ու նույնիսկ ավել են վարձատրում»:
Հիշում է, թե երբ բացահայտեց, որ լավ ձայն ունի. «15 տարեկան էի, երբ արդեն աշխատում էի. անվադողեր էի նորոգում: Այդ ժամանակ լսեցի դասական երժշտություն, որը այնքան տպավորիչ էր ու մեծ ազդեցություն ունեցավ իմ վրա, որ փորձեցի նույնը ես կատարել: Ովքեր լսեցին, խորհուրդ տվեցին շարունակել երժշտական ուղղությամբ»:
Գևորգն այնուհետև ընդունվեց ու ավարտեց Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլի անվան պետական կոնսերվատորիան, մասնակցեց մի շարք մրցույթների, ուսանողական տարիներին նույնիսկ մի անգամ հանդես եկավ Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում` երգելով Վերդի «Ֆալստաֆում»:
«Այդ ժամանակ դեռ չէի ավարտել կոնսերվատորիան: Երբ մտնում էի շենք, իրարանցում էր լինում. բացականչում էին Կարուզոն եկավ ու գալիս էին համբուրում: Նրանք մտածում էին, որ շուտով ես կդառնամ մեծ երգիչ: Բոլոր նախադրյալները դրա համար կար` ձայն, առողջություն և այլն»:
Իսկ ինչու չդարձաք հայտնի երգիչ, հարցին նա տաքսու բանալիները սեղանին նետեց, հոգոց հանեց ու ավելացրեց. «Երգել իհարկե ուզում էի, սակայն չէի կարողանում նաև գումար վաստակել. սկսեցի անել այն, ինչ երգից բացի կարողանում էի անել»: «Սակայն ես մտածմունքների մեջ էի` մարդիկ հավանաբար ասում են Կարուզո էր, իսկ հիմա անվադողեր է նորոգում: Այդ ամենը ազդում էր իմ վրա և ես հոգեկան ծանր վիճակում էի»:
Եվ խոստումնալից երիտասարդ երգչի հոգեկան վիճակից ճիշտ ժամանակին օգտվում են Եհովայի վկաները` հավատացնելով նրան, որ ամեն ինչ կանցնի, երբ սկսի հաճախել իրենց հավաքույթներին: Գևորգը 10 տարի անցկացրեց այդ կազմակերպության կազմում` իրավունք չունենալով երբևէ մտածել բեմերում հանդես գալու մասին:
«Ասվում էր` չես կարող միաժամանակ ծառայել Աստծուն ու մամոնային»:
Տարիներ շարունակ լինելով եհովականների շարքերում, նա ուսումնասիրեց ու պարզեց, որ կրոնական այս կազմակերպության մեջ շատ փաստեր չեն համապատասխանում իրականությանը. «մի խոսքով ամեն ինչ հորինված է»:
«Ափսոսում եմ այդ տարիներս, հիմա կարող է արդեն հայտնի երգիչ լինեի»:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Պետրոսյանը լքել է եհովականների շարքերը, և ինչպես եղբայրը` Ալենն է ասում, բանտից տուն է վերադարձել.
«Շատ եմ տխրում, որ 10 տարի կորցրեց: Այդ ողջ ընթացքում մենք չէինք խոսում իրար հետ, հիմա երբ եկավ, հաշտվեցինք: Ես խորհուրդ տվեցի, որ հանդես գա վրացական հեռուստաընկերության «տաղանդներ» նախագծում: Ելույթ ունեցավ ու ոտքի կանգնեցրեց ողջ Վրաստանը, չգիտեմ Հայաստանում ինչպես արձագանքեցին և հիմա սպասում ենք մի գուցե առաջ գնա, բեմերում երգելու առաջարկներ ստանա»:
Ալենը պատմում է, որ հիմա եղբոր հետ տանը դասական երգերի զուգերգ է կատարում` դրանով նրան ոգևորում, որ ճիշտ է երկար տարիներ է կորցրել, սակայն 38 տարեկանում եւս կարող է սկսել երգել, մշակել ձայնը, այնպես ինչպես արեց իտալացի տենոր Ֆրանկո Կորելլին:
Որդիների զուգերգը դիտում է հայրը, հուզվում ու արցունքներն աչքերից սրբելով, ասում. «Իմ Կարուզոն է»:
Վրաստանի հայ «Կարուզոն», ով իրեն այսօր փրկված է համարում եհովականներից, նոր կյանք է ուզում սկսել ու երգել: Նա այսօր տաքսի է վարում Թբիլիսիում, սակայն հուսով է, որ մի օր երգելու առաջարկ կստանա ու իր մեքենայի բանալիները կփոխարինի խոսափողով: