Հասարակություն

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը մեկ շաբաթից երթևեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» -Տավուշի մարզ

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը մեկ շաբաթից երթևեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սակայն, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն ու ամբողջությամբ կավարտվեն արդեն հաջորդ տարի: Պատճառը՝ եղանակային վատ պայմաններն են: Անվտանգ երթևեկություն ապահովող ու հենապատ կառուցող շինարարները այսօր էլ վտանգավոր գոտում են աշխատում ՝ ադրբեջանական հենակետերին դեմ-հանդիման,  վերջին անգամ ադրբեջանցիները նրանց ուղղությամբ կրակ են բացել չորս օր առաջ՝ մոտ երկու ժամ կրակել են, շինարարները սակայն, ոչ թե կրակոցներից, այլ եղանակային վատ պայմաններից են  դժգոհ: 

 

 

Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի ու անվտանգ երթևեկելի կլինի ուղիղ մեկ շաբաթից:

Հիշեցնեմ՝  սա այլընտրանքային շրջանցիկ ճանապարհ է, որը կյանքի կոչելու   քաղաքական որոշումն ընդունվեց , երբ նախորդ տարվա աշնանը ադրբեջանցիները հերթական անգամ կրակ բացեցին հիմնական ճանապարհով անցնող մեքենաների ուղղությամբ:

Որոշումը պաշտոնական ուժ ստացավ այս տարվա փետրվարի վեցին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ: Պատասխանատուները վստահեցնում են՝ ցանկությունը մեծ էր  աշխատանքները ժամանակին ավարտելու համար, սակայն, առայժմ ցանկությունը միայն ցանկություն մնաց: Ժամկետների մեջ չտեղավորվելու առաջին մեղավորը  շինարարական աշխատանք իրականցնող Իջևանճան շին ընկերությունն էր,  երբ պայմանագիրը խզվեց,երկրորդ մեղավորը՝ եղանակային վատ պայմանները: Պատասխանատուները առաջին մեղավորին փոխարինող գտան, Նոր կապալառուն Խաչհար ընկերությունն է: Սակայն, եղանակի հետ ոչինչ անել չեն կարող: Կսպասեն՝ մինչև եղանակները տաքանան: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Աշոտ Արշակյան .«Եվս մեկ շաբաթ հետո մենք դարձնենք անցանելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար,3,2 կմ ճանապարհի ընդհանուր երկարությունն է, այս պահին ասֆալտապատվել է 1,5 կմ» :

Անվտանգ երթևեկություն ապահովող ու հենապատ կառուցող շինարարները այսօր էլ վտանգավոր գոտում են աշխատում ՝ ադրբեջանական հենակետերին դեմ-հանդիման,  վերջին անգամ ադրբեջանցիները նրանց ուղղությամբ կրակ են բացել չորս օր առաջ՝ մոտ երկու ժամ կրակել են, շինարարները սակյան, ոչ թե կրակոցներից, այլ եղանակային վատ պայմաններից են  դժգոհ. ի դեպ, նրանք մեր աչքի առաջ էլ թանձր մառախուղի և ձնախառն անձրևի տակ շարունակում էին աշխատել.«Ցուրտ է, խոնավ: Կկիրակի առավոտյան մոտ երկու ժամ կրակում էին: Հենց սկսեցին, մենք էլ ենք մարդ՝ վախեցանք» :

Շրջանցիկ ճանապարհն ամբողջությամբ ավարտին կհասցվի հաջորդ տարի, սակայն, ամբողջովին վերանորոգվել ու հարմարավետ է երևան Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի Սևան Դիլիջան հատվածը: Նոր տեխնոլոգիաներով կառուցված այս ճանապարհը ապացույցն է այն բանի,որ կարելի է ոչ միայն նոր տեխնոլոգիաներ կիրառել, այլ նաև գումարներ տնտեսել: Սա ի դեպ ոլորտի պատասխանատուն՝ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հատուկ է ընդգծում.

« ՀՀ նախագահի հանձնարարությունն է դեռ մի քանի տարի առաջ, որ պետք է ունենաք տնտեսումներ  և որակով ճանապարհներ: Այսօր ես կարող եմ ասել, որ Սևան — Դիլիջան ճանապարհահատվածում ունենք 15 տոկոս տնտեսում, և ունենք որակով ճանապարհ» :

Թերևս նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով ՝նախարարությունը սկսել է ճանապարհներ կառուցող  շինարարաներին երեք տարվա երաշխիք տրամադրել: Շինարարությունից հետո թերություններ հայտնաբերելիս երեք տարվա ընթացքում նույն ընկերությունը պարտավորվում է դրանք ամբողջությամբ վերացնել:

Տրանսպորտի ու կապի նախարարությունն այդպիսի փորձ էլ ունի. Բերդ քաղաքից սկիզբ առնող  Նավուր գյուղով անցնող և  Իծաքար համայնքի վերջնամասում ավարտվող  ճանապարհը երկու անգամ է վերանորոգվել՝ հայտնաբերված թերությունների պատճառով: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ շարունակելու են որդեգրած նույն քաղաքաանությամբ աշխատել:

 

Back to top button