ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանին կոչ են անում թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել ուղղաթիռի անկման վայրից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) խորապես մտահոգված են այն հանգամանքով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ղարաբաղյան ռազմական ուղղաթիռին մոտենալ դեռևս հնարավոր չի եղել:

Համանախագահներն այդ կապակցությամբ դարձյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են չեզոք գոտու ականապատ տարածքում:

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակն աղետի վայրի մերձակայքում և օժանդակել տարածքի ականազերծմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2010թ.-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված Աստրախանի հայտարարության ոգուն հավատարիմ մնալով՝ համանախագահներն Ադրբեջանին հորդորում են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝  ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար:

Նրանք կողմերին կոչ են արել ապահովել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ու նրա թիմի ներկայությունն այնտեղ:

Համանախագահները կրկնել են նոյեմբերի 12-ի իրենց հայտարարությունը՝ կողմերին հիշեցնելով, որ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հայտարարություններով պարտավորվածություն են ստանձնել հարգելու հրադադարի ռեժիմը և խնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:

Back to top button