Հղիների նպաստների աղմկահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովը շարունակում է արտահերթի երրորդ օրվա աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները քվեարկել են երեկ քննարկված հարցերը:
Ձայների 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» վիճահարույց օրինագիծը: Կառավարությունը, հաշվի առնելով հանրային դժգոհությունը, հարաժարվել է նպաստներն ըստ ստաժի հաշվարկելու և առավելագույն շեմ սահմանելու մոտեցումներից: Նախագծին, այնուամենայնիվ, դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունները, ձեռնպահ՝ ԲՀԿ-ն:
«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ խմբակցությունն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ կներկայացնի, մինչ այդ որոշել է ձեռնպահ քվերակել:
Իսկ արտահերթի երկրորդ ՝ ժամը 13-ի նիստի ընթացքում խորհրդարանը նիստերի դահլիճում կընդունի եռօրյա այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Նախատեսվում է, որ պատգամավորները կլսեն պատվիրակության ղեկավարի ելույթը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցությունների ղեկավարներին ՝ հորդորել է ապահովել պատգամավորների մասնակցությունը: